ԵՏՀ խորհուրդը հաստատել է մայիսի 15-ից սեպտեմբերի 30-ը ԵԱՏՄ երկրներ շաքարի առանց տուրքի ներմուծումը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը հաստատել է մայիսի 15-ից սեպտեմբերի 30-ը ԵԱՏՄ երկրներ շաքարի առանց տուրքի ներմուծումը:
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը 2021 թվականի մայիսի 15-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում շաքարի առանց տուրքի ներմուծման սակագնային արտոնություն տրամադրելու որոշում է կայացրել: Ներմուծման մաքսային տուրքից ազատվում է Հայաստանի Հանրապետություն`2 2,4 հազար տոննայից ոչ ավելի, Ղազախստանի Հանրապետություն` 134,4 հազար տոննայից ոչ ավելի, Ղրղըզստանի Հանրապետություն`40 հազար տոննայից ոչ ավելի, Ռուսաստանի Դաշնություն՝ 350 հազար տոննայից ոչ ավելի ծավալով շաքարի ներմուծումը», - ասվում է ԵՏՀ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օր անց:
«ԵՏՀ Կոլեգիան, Միության պետությունների հետ միասին, ամսական կտրվածքով կվերահսկի սակագնային արտոնությունների կիրառմամբ շաքարի ներմուծման փաստացի ծավալը, ինչպես նաեւ ԵԱՏՄ պետությունների ներքին շուկայում իրացման ծավալները եւ այդ մասին կտեղեկացնի ԵՏՀ Խորհրդին։ Հաշվի առնելով շաքարի շուկայում գների հետ կապված իրավիճակը, պայմանավորվել ենք այս տարվա հուլիսին վերադառնալ հնարավոր լրացուցիչ կայունացման միջոցառումների հարցի քննարկմանը, եթե դրանք անհրաժեշտ լինեն»,- ասել է ԵՏՀ առեւտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը։