«Մոռացել էր քաշել ձեռքի արգելակը». Իտալիայում տիրոջ անզգուշության պատճառով 400 000 դոլար արժողությամբ Ferrari-ն հայտնվել է ջրում
Ձեռքի արգելակը քաշել մոռանալու պատճառով Իտալիայի հյուսիսում գտնվող Գարդա լճում է հայտնվել 400 000 ԱՄՆ դոլար արժողությամբ Ferrari 812 GTS մեքենան, գրում է Luxury Launches-ը:
Նշվում է՝ սուպերքարի տերը մեքենան որոշել է այն կայանել Սիրմիոնե քաղաքի ափամերձ թեք հատվածում, որը նախատեսված է նավեր բեռնակրելու և բեռնաթափելու համար: Ըստ որոշ տեղեկությունների՝ դեպքի պահին վարորդը մեքենայի մեջ է եղել:
Թանկարժեք մեքենայի վարորդը սկզբից չի հասկացել, թե ինչ է կատարվել:
Բարեբախտաբար, մեքենան ամբողջապես չի սուզվել և հայտնվել ջրի հատակում: Համացանցում տարածում գտած լուսանկարներինց երևում է, որ դրա միայն որոշակի մասն է անցել ջրի տակ: Չնայած դրան՝ տիրոջն այն ինքնուրույն ջրից դուրս հանել չի հաջողվել, և նա որոշել է օգնության դիմել:
Ներկայում մեքենային հասցված վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Ավտոսիրողները հուսով են միայն, որ տերը չի փորձել միացնել ջրի տակ հայտնված V12 շարժիչը, որը լճի աղի ջրի պատճառով կարող էր ամբողջապես շարքից դուրս գալ:
Նշենք՝ V12-ը մխոցային ներքին այրման շարժիչ է, որը 21-րդ դարում օգտագործվում է բացառապես ծովային տրանսպորտային միջոցների, երկաթուղային լոկոմոտիվների, ինչպես նաև եվրոպական շքեղ սպորտային մեքենաների արտադրության համար: