ՆԱՏՕ-ն համերաշխություն ու աջակցություն է հայտնել Չեխիային հակառուսական գործողությունների կապակցությամբ
Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ) իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնում Չեխիային Ռուսաստանի «ապակայունացնող գործունեության» դեմ ձեռնարկված գործողությունների կապակցությամբ:
Այս մասին ասվում է ՆԱՏՕ-ի տարածած հայտարարության մեջ:
«Դաշնակիցները խորը մտահոգություն են հայտնում այն ապակայունացնող գործողությունների կապակցությամբ, որոնք Ռուսաստանը շարունակում է իրականացնել Եվրատլանտյան տարածաշրջանում, այդ թվում նաև՝ դաշինքի տարածքում», - ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ մինչ այս չեխական կողմը տեղեկացրել էր Հյուսիսատլանտյան խորհրդին Չեխիայի տարածքում ռուսական հատուկ ծառայությունների գործունեության մասին: Խոսքը վերաբերում է 2014 թվականին Վրբետիցեում զինամթերքի պահեստների պայթյուններին: Այդ ժամանակ սպանվել էր հաստատությունում աշխատող երկու մարդ:
Չեխիայի իշխանությունները պատասխանատվության են ենթարկել միջադեպի համար ենթադրաբար պատասխանատու ռուսական հետախուզության 2 սպայի: Վերջիններս այն նույն մարդիկ են, որոնց նկատմամբ Միացյալ Թագավորության իշխանությունները հետախուզում են հայտարարել 2018 թվականին Սոլսբերիի հարձակման առնչությամբ:
Չեխիան արդեն իսկ արտաքսել է 18 ռուս դիվանագետի, որոնք, ենթադրաբար, Ռուսաստանի հատուկ ծառայությունների աշխատակիցներ են:
Այնուամենայնիվ, Ռուսաստանի Դաշնությունը հերքել է Չեխիայի եզրակացությունները զինամթերքի պայթյունին Ռուսաստանի մասնակցության վերաբերյալ: