Կարմիրբերետավորներն առանց պատճառաբանության բերման են ենթարկել մեր համագյուղացուն, որի տունն անցել է Ադրբեջանին. Շուռնուխի համայնքապետ
Կարմիր բերետավորներն առանց պատճառաբանության բերման են ենթարկել մեր համագյուղացիներից մեկին: Այս մասին այսօր Tert.am-ին ասել է Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը:
Համայնքապետը նշեց, որ բերման ենթարկված Արարատ Աղաբեկյանը Գորիս համայնքի ավագանու անդամ է և նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո կորցրել է տունը:
«Արարատն իր տունն այրել ու դուրս է եկել, երբ իմացել է, որ այն հանձնվելու է թշնամուն, նա նաև հունվարի 5-ին ուղիղ եթերով կոշտ էր արտահայտվել Փաշինյանի հասցեին: Տասն օր է՝ իր հայրական տանը հիվանդ, 39 աստիճան ջերմությամբ պառկած էր, ու այդ վիճակում նրան առավոտ շուտ տանից հանել են, բերման ենթարկել. պատճառ չեն նշել, երևի ասել են՝ օդի չափ պետք է»:
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ այցի ժամանակ սյունեցիները թույլ չէին տվել նրան մտնել համայնքներ: Բողոքի ակցիա էր իրականացվել Սյունիքի տարբեր համայնքներում, որտեղ քաղաքացիները վանկարկում էին «Նիկո՛լ, դավաճա՛ն, թո՛ւրք, հողատո՛ւ», հնչել էին նաև տարբեր հայհոյանքներ և վիրավորանքներ, որոնց ներքո նա լքել էր քաղաքները:
Փաշինյանը թիկնազորի ուղեկցությամբ մտել էր Սյունիքի մարզպետարան և խորհրդակցություն անցկացրել, որի ընթացքում, անդրադառնալով Մեղրիում տեղի ունեցած միջադեպին, ասել էր, թե տեղի է ունեցել օրենքի խախտում, ապա ավելացրել, որ ակնկալում է, որ իրավապահ մարմինները շատ հստակ և կոշտ կերպով կարձագանքեն իրավիճակին: