Կադաֆիի դստերը հանել են ԵՄ-ի «սև ցուցակից». մինչդեռ Լիբիայի սպանված նախկին առաջնորդը շարունակում է մնալ այդ ցուցակում
Լիբիայի տապալված առաջնորդ Մուամար Կադաֆիի դուստրը`Աիշան, հանվել է Եվրամիության «սև ցուցակից»: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում տալով լիբիական Al Wasat պորտալին:
Ինչպես նշում է պորտալը, չորեքշաբթի Եվրոպական դատարանը որոշում է կայացրել հանել գնդապետ Մուամար Կադաֆիի դստեր՝ Աիշա Կադաֆիի անունը 2011 թվականին պատժամիջոցների տակ հայտնված անձանց ցուցակից՝ պատճառաբանելով, որ «նա այլևս վտանգ չի ներկայացնում տարածաշրջանում միջազգային խաղաղության ու անվտանգության համար»:
Լյուքսեմբուրգում գտնվող Եվրամիության ընդհանուր իրավասության դատարանի որոշման մեջ նշվում է, որ Աիշա Կադաֆին «երկար տարիներ չի ապրել Լիբիայում, և ըստ իր դոսյեի, չի մասնակցել Լիբիայի քաղաքական կյանքին»:
Հետաքրքիր է, որ մինչև հիմա Եվրամիության «սև ցուցակում» են գտնվում Մուամար Կադաֆին և նրա սպանված որդիները:
44-ամյա փաստաբան Աիշա Կադաֆին բնակվում է Օմանում: