Սյունիքից բերման ենթարկվածները ՀՀ Քննչական կոմիտեում են. բողոքի ակցիա է ընթանում (Տեսանյութ)
Սյունիքից բերման ենթարկվածներն այս պահին Հայաստանի Քննչական կոմիտեում են: Այստեղ բակում են հավաքվել նրանց աջակիցները եւ իրենց բողոքն են արտահայտում տեղի ունեցածի առթիվ:
Մասնավորապես, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն ասաց, որ իր տվյալներով 20-ից ավելի մարդկանց բերման են ենթարկել կամ ձերբակալել են այս գիշեր: Այս պահին ՔԿ-ում է Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ այցի ժամանակ սյունեցիները թույլ չեն տվել նրան մտնել համայնքներ: Բողոքի ակցիա է իրականացվել Սյունիքի տարբեր համայնքներում, որտեղ քաղաքացիները վանկարկել են «Նիկո՛լ, դավաճա՛ն, թո՛ւրք, հողատո՛ւ», հնչել են նաև տարբեր հայհոյանքներ և վիրավորանքներ, որոնց ներքո նա լքել է քաղաքները:
Փաշինյանը թիկնազորի ուղեկցությամբ մտել է Սյունիքի մարզպետարան և խորհրդակցություն անցկացրել, որի ընթացքում, մասնավորապես, նշել է. «Ես ուզում եմ անդրադառնալ այսօր Մեղրիում տեղի ունեցած միջադեպին․ հստակ է, որ տեղի է ունեցել օրենքի խախտում և ես ակնկալում եմ, որ հանրապետության իրավապահ մարմինները շատ հստակ և կոշտ կերպով կարձագանքեն իրավիճակին»: