Աշխարհում կորոնավիրուսի նոր վտանգավոր շտամներ են հայտնաբերում
Հնդկաստանում (Արեւմտյան Բենգալիա նահանգ) կորոնավիրուսի նոր շտամ է հայտնաբերվել, հայտնում են Գենոմիկայի եւ ինտեգրացիոն կենսաբանության ինստիտուտի մասնագետները:
Ինչպես պատմում է «ՌԻԱ Նովոստին», B.1.618-ը՝ SARS-CoV-2-ի նոր գիծը, որը հիմնականում հայտնաբերվել է Հնդկաստանում եւ բնութագրվում է գենետիկ տարբերակների առանձին խմբով, ներառյալ E484K-ը, իմունային պատասխանից խուսափելու հիմնական տարբերակն է:
Հայտնի է, որ սպիտակուցի E484K մուտացիան հանդիպում է նաեւ «հարավաֆրիկյան», «բրազիլական» եւ «բանգլադեշյան» շտամներում: Այս մուտացիան, հավանաբար, թուլացնում է մոնոկլոնալ հակամարմինների հակավիրուսային ակտիվությունը: Նոր «հնդկական շտամը» բնութագրվում է վեց նուկլեոտիդների (H146del եւ Y145del) փոփոխություններով, բացի սպտակուցի մեջ E484K-ից եւ D614G-ից: Մյուս տարբերակները գտնվում են ORF1ab, ORF3a, ORF7a, ORF7b եւ N գեներում, ասվում է զեկույցում:
Իր հերթին, Տեխասի համալսարանի մասնագետները նկարագրել են SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր տարբերակը` BV-1-ն, որն անխոցելի է որոշ չեզոքացնող հակամարմինների հանդեպ: Այս շտամը իր յուրահատուկ գենետիկ պրոֆիլի շնորհիվ ներառում է տարրեր, որոնք պատասխանատու են արագ տարածման, վարակի ավելի ծանր եւ երկար ընթացքի եւ մարդու իմունային համակարգի նկատմամբ բարձր դիմադրողականության համար:
Բացի այդ, վերջերս հայտնաբերվել է SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր բրազիլական շտամը, որը 2 անգամ ավելի վարակիչ է, քան վիրուսի մյուս շտամները: