Ապրիլի սկզբից Ուկրաինա է ժամանել ՆԱՏՕ-ին պատկանող առնվազն 3 ռազմական ինքնաթիռ. Интерфакс
Վերջին երեք օրվա ընթացքում Ուկրաինայում վայրէջք է կատարել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի ռազմաօդային ուժերին պատկանող առնվազն 3 ռազմական ինքնաթիռ:
Այս մասին գրում է «Ինտեֆաքս»-ի ուկրաինական ծառայությունը:
««Ս-130Ջ Հերկուլես» ռազմատրանսպորտային ինքնաթիռը Կիև է թռչել գերմանական Շտուտգարտ քաղաքում գտնվող ամերիկյան կայանից, որտեղ տեղակայված է ԱՄՆ ԶՈՒ եվրոպական հրամանատարության շտաբը: Բացի այդ, Մեծ Բրիտանիայից Կիև է ուղևորվել «Բաե 146-200» ինքնաթիռը: Ինչ վերաբերում է Կանադային, ապա երկրի զինված ուժերին պատկանող «Ս-17 Գլոբմաստեր III»-ն անդրատլանտյան թռիչքից հետո վայրէջք է կատարել Լվովում»,- նշում է լրատվամիջոցը:
Ըստ տրանսպորտային հաղորդիչների ազդանշաններից ստացված տեղեկատվության, օրերս ԱՄՆ-ից Լվով է թռչել նաև Omni Air International ընկերությանը պատկանող ինքնաթիռը, որը չարթերային ծառայություններ է մատուցում Պենտագոնին:
Նշվում է, որ ապրիլի 2-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ՆԱՏՕ-ի ռազմական ինքնաթիռներն առնվազն վեց թռիչք են կատարել դեպի Ուկրաինա: