Սիրիական ՀՕՊ-ն արձագանքել է իսրայելական հրթիռային հարձակմանը. կա 4 վիրավոր
Սիրիայի հակաօդային պաշտպանությունն արձագանքել է Դամասկոսի նահանգում իսրայելական հրթիռային հարձակմանը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով սիրիական «ՍԱՆԱ» գործակալությանը:
«Մեր ՀՕՊ համակարգերը հետ են մղում իսրայելական հրթիռային ագրեսիան Դամասկոսի նահանգի Դումեյր շրջանում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ըստ ՍԱՀ պաշտպանության նախարարության, Արաբական Հանրապետության տարածքի վրա կատարված հարվածի հետևանքով 4 զինվորական է վիրավորվել:
«Այսօր մոտավորապես ժամը 01:38-ին Իսրայելն օդային ագրեսիան է կատարել՝ հրթիռներ օգտագործելով օկուպացված Գոլանի բարձունքներից՝ խոցելով Դամասկոսի շրջակայքում գտնվող որոշ թիրախներ: Մեր հակաօդային պաշտպանությունը հետ է մղել ագրեսիան և որսացել է մեծ մասը (հրթիռների): Ագրեսիայի հետևանքով 4 զինվոր է տուժել»,-նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Իսրայելական բանակն իր հերթին պարզաբանել է, որ Սիրիայի տարածքի վրա հարձակման պատճառը եղել է Նեգև անապատի միջուկային կենտրոնի մոտ ընկած հրթիռի արձակումը:
«Վերջերս Սիրիայից գրանցվել է «երկիր-օդ» հրթիռի արձակում, որն ընկել է Նեգևի շրջանում: Ի պատասխան, մի քանի րոպե առաջ իսրայելական բանակը հարված է հասցրել հրթիռը արձակող մարտկոցին և սիրիական «երկիր-օդ» լրացուցիչ մարտկոցներին այդ տարածքում»,-ասված է իսրայելական կողմի հաղորդագրության մեջ:
Զինվորականների մամուլի ծառայությունը, «ՌԻԱ Նովոստի»-ի հարցմանն ի պատասխան, հավելել է, որ Սիրիայից հրթիռ արձակելու հետևանքով տուժածների և վնասների մասին տեղեկություններ չկան: