Չեխիան ՆԱՏՕ-ին առաջարկել է համատեղ հայտարարությամբ հանդես գալ ընդդեմ ՌԴ-ի
Չեխիայի Հանրապետությունը ՆԱՏՕ-ի անդամ պետություններին առաջարկել է ևս մեկ հանդիպում անցկացնել և քննարկել պաշտոնական Մոսկվայի նկատմամբ համակարգված քայլերը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
«Չեխիան շնորհակալություն է հայտնել դաշնակիցներին իրենց համերաշխության համար և խնդրել ՆԱՏՕ-ի մակարդակով համատեղ հայտարարությամբ հանդես գալ», - հայտարարել է երկրի արտգործնախարարությունը՝ իր թվիթերյան հաշվի միջոցով։
Նախորդ հանդիպման ընթացքում, որը կայացել էր երեքշաբթի, չեխական կողմը խոսել է Ռուսաստանի Դաշնության հետ երկխոսության ճգնաժամի մասին՝ մասնավորապես «ինքնիշխանության և ազգային անվտանգության խախտման մասին», ինչը կապված է Վրբետիցեում տեղի ունեցած միջադեպի հետ։
Հիշեցնենք, որ Չեխիայի իշխանությունները մեղադրել են Մոսկվային 2014 թվականին Վրբետիցեում գտնվող զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունին մասնակից լինելու համար։
Չեխիայի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել Ալեքսանդր Պետրովի և Ռուսլան Բոշիրովի նկատմամբ, որոնց Լոնդոնը մեղադրում է Ռուսաստանի Դաշնության Գլխավոր հետախուզական վարչության նախկին սպա Սերգեյ Սկրիպալին թունավորելու համար։ Նրանք նաև կասկածվում են զինանոցի պայթյունի համար։
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Չեխիայի ԱԳ նախարարի պաշտոնակատար Յան Գամաչեկը հայտարարել էր ՌԴ դեսպանության 18 աշխատակցի արտաքսելու որոշման մասին, որոնք, նրա խոսքով, ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության և Գլխավոր հետախուզական վարչության սպաներ են և առնչություն են ունեցել Վրբետիցե գյուղի զինամթերքի պահեստում 2014 թվականին տեղի ունեցած պայթյունին: Դիվանագետներին 48 ժամ էր տրվել երկրից հեռանալու համար:
ՌԴ ԱԳՆ-ն ի պատասխան բողոքի նոտա է հղել Պրահային ռուս դիվանագետներին արտաքսելու որոշման պատճառով, այնուհետև Չեխիայի դեսպանին կանչել են ԱԳՆ: