Չիլիի խորհրդարանը հաստատել է 18 տարեկանից բարձր անձանց համար էվթանազիայի կիրառումը
Չիլիի խորհրդարանի ստորին պալատը հաստատել է օրինագիծ, որով 18 տարեկանից բարձր անձանց համար թույլատրվում է էվթանազիան:
Այս մասին գրում է Associated Press-ը, նշելով՝ նախագիծը քննարկման էր ներկայացվել դեռևս 7 տարի առաջ:
Այժմ օրինագիծը կքննարկվի Սենատում:
Փաստաթղթի համաձայն՝ մահանալ ցանկացողը երկու բժիշկից պետք է ախտորոշում ստանա, որով կհաստատվի, որ նա ունի լուրջ ու անբուժելի հիվանդություն: Բացի այդ, ցանկությունը ներկայացնելիս հիվանդը պետք է գիտակից լինի և ապացուցի, որ ինքը «տառապում է ֆիզիկական անտանելի հիվանդություններից»:
Նախաձեռնության նպատակն է կարգավորել այն ընթացակարգը, որով կա՛մ բժիշկն է մարդուն ներարկում մահվան հանգեցնող դեղամիջոց, կա՛մ էլ հեշտացնում է ինքնասպանությունը՝ տրամադրելով դեղամիջոցներ, որոնք հիվանդներն իրենք են ընդունում մահանալու նպատակով:
Հիշեցնենք՝ էվթանազիան բնորոշվում է «բարի մահ» անվանմամբ։ Էվթանազիան անբուժելի հիվանդ կամ շատ ծանր հիվանդությամբ տառապող մարդկանց կյանքից զրկելու միջոցն է։