Հութիական ուժերը հայտնել են Սաուդյան Արաբիայի «Աբհա» օդանավակայանին անօդաչուով հարվածելու մասին
Հութիական ուժերը հայտարարել են Սաուդյան Արաբիայի հարավ-արևմուտքում գտնվող «Աբհա» միջազգային օդանավակայանի ուղղությամբ իրականացրած հարձակման մասին, հայտնում է Al Masdar News թերթը։
Հութիների մամուլի խոսնակ, բրիգադային գեներալ Յահյա Սարիի խոսքով՝ հութիական ուժերը Qasef-2K զինված անօդաչու թռչող սարքով հարվածներ են հասցրել «Աբհա» օդանավակայանի ռազմական կայանին։
Սարին հավելել է, որ հարձակումը Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոլաիցիայի կողմից իրականացված գործողությունների պատասխանն է։
Մինչդեռ Սաուդյան Արաբիայի ԶԼՄ-ները հայտնել են, որ կոալիցիոն ուժերը ոչնչացրել են հութիների կողմից Խամիշ Մուշաիթի ուղղությամբ արձակված անօդաչու թռչող սարքերը, սակայն այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Tert.am-ը, Սաուդյան Արաբիայի գլխավորած Արաբական կոալիցիան հայտարարել է, որ ներխուժել է Եմենի օդային տարածք և ոչնչացրել հութիական ուժերի կողմից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ արձակված անօդաչու թռչող սարքը։
Անցյալ շաբաթվա ընթացքում Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերը «որսացել» էին հութիների կողմից արձակված 4 զինված անօդաչու թռչող սարք և 5 բալիստիկ հրթիռ, որոնք Սադայի նահանգից արձակվել էին թագավորության Ջիզան քաղաքի ուղղությամբ։