Վարանգաթաղի բարձունքը հետ են գրավել ու կյանքի գնով պահել Մատաղիսի հետախուզական վաշտի ժամկետայինները (տեսանյութ)
Միհրան Ավդալյան, Նոյ Թևոնյան, Արտակ Սուքիասյան, Ադամ Այվազյան, Էրիկ Գալստյան՝ այս տղաներն ընկել են հերոսի մահով: 44-օրյա պատերազմի ընթացքում այդքան քննարկված և բանակի մարտական ոգին բարձրացրած Վարանգաթաղի (Լուլասազ) բարձունքը հետ գրավողները Մատաղիսի հետախուզական վաշտի ժամկետային զինվորներն են եղել՝ 19-20 տարեկան տղաներ: Այդ քայլով նրանք կանխել են թշնամու առաջխաղացումը, հակառակ դեպքում Ադրբեջանի զինուժը հեշտությամբ կհասներ Մարտակերտ ու Եղնիկներ:
Նախքան վաշտի՝ Վարանգաթաղ հասնելը 19-ամյա Սարգիս Սահակյանն իր մարտական 2 ընկերոջ հետ առաջինն է բարձրացել հայտնի բարձունքը՝ հետախուզական առաջադրանք կատարելու նպատակով: Այնուհետև, վաշտը միացել է իրենց, և հոկտեմբերի 7-ին կյանքի ու մահվան կռիվ տալով՝ հետ են գրավել Վարանգաթաղը՝ թշնամուն պատճառելով մարդկային կորուստներ: Չորս օր դիմադրել են առանց նահանջի՝ պահելով բարձունքը, բայց նրանցից 5-ը կյանքի հետ անհամատեղելի վիրավորում է ստացել:
Tert.am-ի հետ զրույցում հետախույզ Սարգիս Սահակյանը պատմել է, որ իրեն փրկել է վաշտի հրամանատար Միհրան Ավդալյանը. նկատելով, որ արկն իրենց ուղղությամբ է գալիս՝ մարմնով ծածկել է իրեն ու սեփական կյանքով փրկել իր կյանքը: Ժամկետային զինծառայող Սահակյանը հրամանատարի զոհվելուց հետո վաշտի առաջնորդի պարտականություններն իր ուսերի վրա է վերցրել. «Վարանգաթաղ գնալիս գիտակցում էինք, որ գնում էինք զոհվելու, բայց պետք էր պահել բարձունքը՝ ինչ գնով էլ լիներ»,- ասել է երիտասարդը և հավելել, որ պատրաստ է նորից վերադառնալ Արցախ:
Մանրամասները՝ տեսանյութում։