«Դոնբասի հակամարտության լուծումը միայն Ուկրաինայից է կախված»․ Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ Դոնբասի հակամարտության լուծումը միայն Ուկրաինայից է կախված, և Մինսկի համաձայնագրերի պահպանման դեպքում Կիևը միջնաժամկետ հեռանկարում կհաղթի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
Ըստ Բելառուսի նախագահի պաշտոնական կայքի՝ Լուկաշենկոն Մինսկում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Եվգենի Շևչենկոյի հետ:
Հանդիպման ընթացքում Լուկաշենկոն ասել է․«Ես ձեզ բացարձակ անկեղծ կասեմ, որ Ուկրաինայի խնդրահարույց շրջաններում և հատկապես Դոնբասում իրավիճակի կարգավորումը կախված է բացարձակապես Ուկրաինայից։ Հավատացեք, որ Միսնկի համաձայնագրերի պահպանման դեպքում, Ուկրաինան միջնաժամկետ հեռանկարում կհաղթի»։
Բելառուսի նախագահը հավելել է, որ հասկանում է, որ թե՛ Ուկրաինան, թե՛ Ռուսաստանը փորձում են պահել իրենց դիմագիծը, սակայն Ռուսաստանը մեծ երկիր է և շատ հարցերում կարող է օգնել Ուկրաինային՝ Դոնբասը վերականգնելու համար։
Նշենք՝ Դոնբասում իրավիճակի սրման ֆոնին Մոսկվայի և Կիևի հարաբերությունները վատթարացել են: Ուկրաինայի իշխանությունները և արևմտյան երկրները բազմիցս մեղադրել են Ռուսաստանին Ուկրաինայի ներքին գործերին միջամտելու համար: Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ ինքը ներքին ուկրաինական հակամարտության կողմ չէ, և շահագրգռված է, որ Կիևը դուրս գա քաղաքական և տնտեսական ճգնաժամից:
2014 թվականի ապրիլին Ուկրաինայի իշխանությունները ռազմական գործողություններ են սկսել ինքնահռչակ հանրապետությունների դեմ, որոնք իրենց անկախությունն էին հռչակել 2014-ի փետրվարին Ուկրաինայում տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո:
ՄԱԿ-ի վերջին տվյալների համաձայն՝ հակամարտության զոհ է դարձել շուրջ 13 հազար մարդ:
Ներկայում քննարկվում է Դոնբասում իրավիճակի կարգավորման հարցը, այդ թվում՝ Մինսկում կայացած շփման խմբի հանդիպումների ժամանակ, որը 2014 թվականի սեպտեմբերից արդեն ընդունել է երեք փաստաթուղթ, որոնք կարգավորում են հակամարտության լարման սրման քայլերը:
Այնուամենայնիվ, նույնիսկ հակամարտության կողմերի միջև կնքված զինադադարի պայմանագրերից հետո հակամարտությունը դեռևս շարունակվում է: