ՌԴ-ի հետ սկանդալի պատճառով Չեխիայում պահանջում են վարչապետի հրաժարականը
Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը պետք է հրաժարական տա Պրահայի և Մոսկվայի միջև առկա ճգնաժամի վերաբերյալ իր խոսքերի պատճառով: Այս մասին ապրիլի 20-ին հայտարարել է ընդդիմադիր TOP-09 կուսակցության նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան, գրում է EADaily լրատվականը:
Չեխիայի խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները սուր քննադատել են Անդրեյ Բաբիշի վերջերս արած հայտարարությունն այն մասին, որ 2014-ին Վրբետիցեում զինամթերքի պահեստի ռմբակոծումը «պետական ահաբեկչության գործողություն չէր»: Ըստ հանրապետության վարչապետի ՝ «Ռուսաստանը հարձակվել է ոչ թե Չեխիայի, այլ բուլղարական զենք վաճառողի ապրանքների վրա, որը, ըստ երևույթին, դրանք վաճառում էր Ռուսաստանի դեմ կռվող երկրներին»:
Ընդդիմության կարծիքով, կառավարության ղեկավարի նման հայտարարությունը «սկանդալային է»:
«Այսինքն, ըստ վարչապետի, սա ահաբեկչություն չէ՞ր Չեխիայի Հանրապետության դեմ: Ի՞նչ էր դա այդ դեպքում: Մի քանի ռուս գործակալներ շրջագայության են եկել և սխալմամբ ռումբը մոռացե՞լ են մեր ռազմական պահեստում: Արդյոք մենք չպե՞տք է ներողություն խնդրենք նրանցից, որ պայթյունը տեղի է ունեցել շատ արագ»,-Բաբիշի խոսքերը մեկնաբանել է Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Մարիան Յուրեչկան:
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Չեխիայի ԱԳ նախարարի պաշտոնակատար Յան Գամաչեկը հայտարարել էր ՌԴ դեսպանության 18 աշխատակցի արտաքսելու որոշման մասին, որոնք, նրա խոսքով, ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության և Գլխավոր հետախուզական վարչության սպաներ են և առնչություն են ունեցել Վրբետիցե գյուղի զինամթերքի պահեստում 2014 թվականին տեղի ունեցած պայթյունին: Դիվանագետներին 48 ժամ էր տրվել երկրից հեռանալու համար:
ՌԴ ԱԳՆ-ն ի պատասխան բողոքի նոտա է հղել Պրահային ռուս դիվանագետներին արտաքսելու որոշման պատճառով, այնուհետև Չեխիայի դեսպանին կանչել են ԱԳՆ: