Մեծ Բրիտանիան ՌԴ-ի և Ուկրաինայի միջև լարվածության ֆոնին Թուրքիային տեղեկացրել է մայիսին Բոսֆորի նեղուցով դեպի Սև ծով ռազմանավի անցման մասին
Մեծ Բրիտանիան Թուրքիային տեղեկացրել է, որ մայիսին Բոսֆորի նեղուցով ռազմանավ է անցկացնելու դեպի Սև ծով, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը՝ առանց պաշտոնական աղբյուրներին հղում տալու։
Ավելի վաղ բրիտանական The Times թերթը մեջբերել էր Թագավորական նավատորմի աղբյուրների տեղեկությունն առ այն, որ բրիտանական ռազմական նավատորմի պատկանող ռազմանավը և հակասուզանավային ֆրեգատը մայիսին կմտնեն Սև ծովի ջրեր՝ Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանին առկա լարվածության ֆոնին ցույց տալով Լոնդոնի համերաշխությունը Կիևին։
Մեծ Բրիտանիան Բոսֆորի նեղուցով անցնելու մասին տեղեկացնում է Թուրքիայի իշխանություններին, ինչը պայմանավորված է 1936 թվականին ստորագրված Մոնտրյոյի համաձայնագրով, որով երկրներին թույլ է տրվում Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով անցնել խաղաղության և պատերազմի ընթացքում։
Ըստ համաձայնագրի՝ ոչ սևծովյան տերություններին պատկանող ռազմանավերի համար մտցված են էական սահմանափակումներ թե՛ նավերի կարգի (դասի), թե՛ տոննաժի առումով։ Սև ծովում ոչ սևծովյան տերությունների ռազմանավերի գտնվելու ժամկետը չպետք է գերազանցի 21 օրը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև վերջին ամիսներին լարվածությունը սրվել է։
Դոնբասում իրավիճակի սրման ֆոնին Մոսկվայի և Կիևի հարաբերությունները վատթարացել են: Ուկրաինայի իշխանությունները և արևմտյան երկրները բազմիցս մեղադրել են Ռուսաստանին Ուկրաինայի ներքին գործերին միջամտելու համար: Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ ինքը ներքին ուկրաինական հակամարտության կողմ չէ, և շահագրգռված է, որ Կիևը դուրս գա քաղաքական և տնտեսական ճգնաժամից:
2014 թվականի ապրիլին Ուկրաինայի իշխանությունները ռազմական գործողություններ են սկսել ինքնահռչակ հանրապետությունների դեմ, որոնք իրենց անկախությունն էին հռչակել 2014-ի փետրվարին Ուկրաինայում տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո:
ՄԱԿ-ի վերջին տվյալների համաձայն՝ հակամարտության զոհ է դարձել շուրջ 13 հազար մարդ:
Ներկայում քննարկվում է Դոնբասում իրավիճակի կարգավորման հարցը, այդ թվում՝ Մինսկում կայացած շփման խմբի հանդիպումների ժամանակ, որը 2014 թվականի սեպտեմբերից արդեն ընդունել է երեք փաստաթուղթ, որոնք կարգավորում են հակամարտության լարման սրման քայլերը:
Այնուամենայնիվ, նույնիսկ հակամարտության կողմերի միջև կնքված զինադադարի պայմանագրերից հետո հակամարտությունը դեռևս շարունակվում է: