Կոլումբիայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՌԴ դեսպանին
Կոլումբիայի արտգործնախարարությունը Բոգոտայում Ռուսաստանի դեսպանին բողոքի նոտա է հանձնել՝ կապված ռուսական Իլ 96 ինքնաթիռի կողմից երկրի օդային տարածքի խախտման հետ: Այս մասին հայտարարել է երկրի արտգործնախարար Կլաուդիա Բլումը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Արտաքին գործերի նախարարությունը, ազգային կառավարության անունից, պաշտոնական հաղորդագրություն է փոխանցել Բոգոտայում Ռուսաստանի դեսպանին՝ մեր բողոքն արտահայտելով ապրիլի 19-ին Կոլումբիայի օդային տարածքը խախտած ռուսական ինքնաթիռի ստեղծած իրավիճակի կապակցությամբ»,-գրել է նախարարը իր թվիթերյան էջում:
Բլումը հայտարարել է նման իրավիճակների կրկնության անընդունելիության մասին, երբ Ռուսաստանից եկող ինքնաթիռները չեն կատարում Կոլումբիայի ավիացիոն իշխանությունների թույլտվություններում նշված պայմանները:
«Դեսպան (Նիկոլայ) Թավդումաձեն տեղեկացվել է իր կառավարության անհապաղ արձագանքման կարևորության և Կոլումբիայի օդային տարածքի լուրջ և համակարգված խախտումների չկրկնվելու անհրաժեշտության մասին»,-հավելել է Բլումը:
Ավելի վաղ Կոլումբիայի Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ օդ է բարձրացնում կործանիչները «որսալու» համար ռուսական ինքնաթիռը, որը թռիչք էր կատարել Մոսկվայից և Կոլումբիայի տարածքային ջրերի վրայով թռչելու թույլտվություն ուներ, բայց այս երկրի օդային տարածք դրա մուտքի իրական կոորդինատները տարբերվում էին հայտարարվածներից: