93 տարեկանում մահացել է ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ուոլթեր Մոնդեյլը
ԱՄՆ-ում 93 տարեկանում մահացել է 1977-1981 թվականներին երկրի նախագահ Ջիմի Քարթերի վարչակազմում փոխնախագահի պաշտոնը զբաղեցրած Ուոլթեր Մոնդեյլը, հայտնում է Axios պորտալը՝ վկայակոչելով ընտանիքի ներկայացուցչին:
Պորտալի գնահատմամբ՝ Մոնդեյլը ԱՄՆ-ում «փոխել է» փոխնախագահի դերը։ Մասնավորապես, նա ակտիվ դերակատարություն է ունեցել արտաքին քաղաքականության մեջ՝ սերտորեն համագործակցելով նախագահի հետ։
1984 թվականին Մոնդեյլը Դեմոկրատական կուսակցությունից առաջադրվել էր որպես նախագահի թեկնածու, սակայն պարտվել էր Հանրապետական Ռոնալդ Ռեյգանին։
Քաղաքական գործիչը 1993-1996 թվականներին՝ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի օրոք, զբաղեցրել է Ճապոնիայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը։
Գործող նախագահ Ջո Բայդենը մի առիթով հայտնել է, որ իր աշխատանքում հաջողությունների համար պարտական է նախկին փոխնախագահ Մոնդեյլին։
Նշենք, որ պորտալը չի հաղորդում նախկին փոխնախագահի մահվան պատճառը։