Դոնբասում վրացի զինվոր է զոհվել
Դոնբասում ապրիլի 18-ին տեղի ունեցած գնդակոծության հետևանքով մահացել է 128-րդ առանձին անդրկարպատյան գումարտակի զինվոր Դավիդ Շարթավան: Այս մասին հայտնում է Корреспондент-ը` հղում անելով Անդրկարպատյան տարածաշրջանային պետական վարչակազմին:
«Թշնամական կրակի հետևանքով զոհվել է 128-րդ առանձին լեռնային գումարտակի ավագ զինվոր Դավիդ Շարթավան: Եվս մեկ զինվոր բեկորային վիրավորում է ստացել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ուկրաինական մեկ այլ աղբյուրի տվյալներով` վերջինս Թբիլիսիից ժամանած զինվորական էր, որն Ուկրաինայի Զինված ուժերում ընդգրկվել է Վրացական լեգեոնի կազմում և կռվել է Դոնբասի հակամարտության առաջին իսկ տարիներից:
Հիշեցնենք, որ նախօրեին հաղորդվել էր Դոնբասում Ուկրաինայի ԶՈւ` մեկ զոհված և մեկ վիրավորված զինծառայողների մասին:
Մարտական գործողությունները Դոնբասում ընթանում են 2014 թվականից ի վեր: Լարվածությունն ուկրաինացի ուժերի և Լուգանսկի ու Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների ներկայացուցիչների միջև սրվել է մարտի վերջերից: