«Խորը մտահոգությամբ եմ հետևում ռազմական ակտիվության աճին»․ Հռոմի պապը Մոսկվային և Կիևին կոչ է արել թուլացնել սահմանային լարվածությունը
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է արել թուլացնել երկու երկրների սահմանին առկա լարվածությունը, փոխանցում է The Hill-ը։
Նախօրեին ելույթ ունենալով Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալների առջև՝ Հռոմի պապը հայտարարել է, որ «խորը մտահոգությամբ է հետևում Ուկրաինայի արևելքում մի քանի շրջաններում տեղի ունեցող իրադարձություններին, որտեղ վերջին ամիսներին հաճախակի են դարձել հրադադարի ռեժիմի խախտումները»։
«Ես մեծ անհանգստությամբ եմ հետևում ռազմական ակտիվության աճին»,- ասել է պոնտիֆիկոսը։
Նա հույս է հայտնել, որ կողմերը «կկարողանան խուսափել լարվածության աճից և ամրապնդել խաղաղությունը»։
«Խնդրում եմ և հուսով եմ՝ մենք կխուսափենք լարվածության աճից և, ընդհակառակը՝ կձեռնարկենք քայլեր, որոնք կարող են նպաստել փոխադարձ վստահությանը, հաշտությանն ու խաղաղությանը»,-ասել է Հռոմի պապը։