Եվրոպայում 2 տարում անհետացել է ավելի քան 18,000 փախստական երեխա
Եվրոպայում 2018-2020 թվականներին անհետացել է առանց մեծահասակների ուղեկցության ԵՄ ժամանած և պետական խնամքի տակ գտնվող 18 292 փախստական երեխա: Այս մասին hայտնի է դարձել գերմանական rbb մեդիաընկերության, բրիտանական The Guardian պարբերականի և նիդեռլանդական VPRO հեռուստառադիոընկերության համատեղ հետաքննության արդյունքում։
Նշվում է, որ անհետացած երեխաների մեծ մասը ծագումով Մարոկկոյից, Ալժիրից և Էրիթրեայից են։
Լրագրողական հետաքննությունում ասվում է՝ Ֆրանսիան, Դանիան և Ռումինիան համապատասխան տվյալներ չեն հավաքում իրենց երկրներ մուտք գործած անչափահաս ներգաղթյալների մասին, իսկ Գերմանիայում 2018-ից 2020-ն ընկած ժամանակահատվածում հաղորդվել է առանց մեծահասակների երկրի ժամանած 7806 անչափահասի անհետացման մասին․ նրանցից 7082-ը հետագայում հայտնաբերվել է, իսկ 724-ը մինչ օրս համարվում է անհետ կորած:
Գերմանիայի քրեական ոստիկանության դաշնային վարչությունում ընդգծել են, որ վիճակագրության վարման սեփական համակարգում առկա բացերի պատճառով դրանք միայն մոտավոր տվյալներ են:
Փորձագետները նշում են, որ վիճակագրության վարման նման թերությունները անչափահասների շահագործման համար ռիսկեր են ստեղծում։