Բանգլադեշի ոստիկանությունը ձերբակալել է իսլամիստական խմբավորման ազդեցիկ առաջնորդին
Բանգլադեշի ոստիկանությունը ձերբակալել է իսլամիստական խմբավորման ազդեցիկ առաջնորդին, որը գլխավորել է Հնդկաստանի վարչապետի այցի դեմ կազմակերպված դաժան ցույցերը, հաղորդում է AP-ն:
Hefazat-e-Islam խմբավորումից Մամունուլու Հաքին մեղադրանք է ներկայացվել բռնություն հրահրելու մեջ, Հաքը ձերբակալվել է Դաքքայում: 47-ամյա Հաքը Hefazat-e-Islam խմբավորման մեջ առաջատար անդամ է, որն ունի ամբողջ Բանգլադեշում իսլամական դպրոցների ուժեղ ցանց: Խմբավորումը հայտարարում է, որ քաղաքական կուսակցություն չէ, սակայն դրա առաջնորդներն իրենց քարոզներում պարբերաբար խոսում են երկրի քաղաքականության մասին՝ հանդես գալով հանուն իսլամական հեղափոխության: Նրանք հաճախ վիճարկում են երկրի սահմանադրության հիմքերը:
Խմբավորումը քննադատել է Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինին երկրի անկախության 50-ամյակի տոնակատարություններին մասնակցելու նպատակով Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին հրավիրելու պատճառով եւ սպառնացել փողոցներում արյունահեղություն կազմակերպել այցը ձախողելու համար: Քննադատները մեղադրում են Մոդիի հնդուական ազգայնական կուսակցության Հնդկաստանում կրոնական բեւեռացում հրահրելու եւ փոքրամասնություններին, հատկապես, մահմեդականներին, խտրականության ենթարկելու համար:
Մոդիի երկօրյա այցը ստվերել էր բռնությունը, եւ Հեֆազաթ-ի-Իսլամի առնվազն 17 կողմնակիցներ էին սպանվել ոստիկանության հետ առանձին բախումների ընթացքում, երբ նրանք հարձակվում էին ոստիկանության բաժինների եւ այլ կառավարական շենքերի վրա: