ԹՔՕՀ. Ի՞նչ պետք է իմանալ այս հիվանդության մասին
Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը (ԹՔՕՀ) վտանգավոր ախտորոշում է, որն առավել հաճախ հանդիպում է ծխող մարդկանց մոտ: Սակայն վերջերս այն սկսել են ախտորոշել նաեւ չծխողների մոտ: Ըստ գերմանական Wunderweib ամսագրի, դրա պատճառը կարող է թաքնված լինել ռիսկի այնպիսի գործոնների մեջ, ինչպիսիք են պասիվ ծխելը, գենետիկ հակումը, օդի աղտոտվածությունը, ավտոմեքենաների արտանետումները եւ հաճախակի շնչառական վարակները (օրինակ՝ թույլ իմունային համակարգի պատճառով):
Ավելին, հետազոտությունները ցույց են տվել, որ նիտրիտով մշակված մթերքների (օրինակ՝ երշիկեղենի) հաճախակի օգտագործումը նույնպես մեծացնում է ԹՔՕՀ-ի զարգացման ռիսկը:
Ռիսկի խմբերը
ԹՔՕՀ-ն ավելի հաճախ է հանդիպում, քան ասթման, թոքաբորբը եւ թոքերի քաղցկեղը միասին վերցրած, եւ այս հիվանդությամբ կարող է տառապել 40 տարեկանից բարձր բոլոր մարդկանց քառորդ մասը: Տղամարդիկ ավելի հաճախ են հիվանդանում, քան կանայք: Առավել հաճախ հիվանդությունն առաջին անգամ ծագում է 40-55 տարեկան հասակում: Ռիսկի խմբում են նաեւ ծխողները եւ այն մարդիկ, ովքեր աշխատավայրում ստիպված են շնչել պոտենցիալ վտանգավոր հոտեր եւ գոլորշիներ:
ԹՔՕՀ-ի ախտանիշները
ԹՔՕՀ ունեցող շատ հիվանդներ չեն գիտակցում, որ հիվանդ են, քանի որ ախտանիշները սովորաբար շատ դանդաղ են զարգանում:
Ժամանակագրական կարգով ԹՔՕՀ-ի ախտանիշները մոտավորապես այսպես են դրսեւորվում՝
ծանր շնչառություն ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ,
հազ եւ խորխ,
բրոնխների գերզգայունություն (հաճախ թոքերի ինֆեկցիաներ են առաջանում),
քաշի կորուստ, աշխատունակության անկում,
մկանային զանգվածի թուլացում,
սրտանոթային համակարգի փոփոխություններ,
թթվածնային հյուծում (հիպոքսեմիա),
ոտքերի այտուց,
պարբերաբար բորբոքում օրգանիզմում,
հորմոնների (հատկապես տեստոստերոնի) արտադրության նվազում:
Պացիենտների 40-70%-ը նաեւ բախվում են հոգեբանական խնդիրների, ինչպիսիք են տագնապը եւ դեպրեսիան:
Բուժվո՞ւմ է արդյոք ԹՔՕՀ-ը
Հիվանդությունը համարվում է անբուժելի, սակայն գրագետ եւ ժամանակին սկսված բուժումը կարող է բարելավել կյանքի որակը եւ դանդաղեցնել հիվանդության ընթացքը: