Գերմանիան ցանկանում է հնարավորինս արագ դուրս բերել Աֆղանստանից իր աշխատակիցներին վտանգի սպառնալիքի պատճառով
Գերմանիան ցանկանում է դուրս բերել Աֆղանստանից իր աշխատակիցներին հնարավորինս արագ երկրում մնալու դեպքում վտանգի սպառնալիքի պատճառով, հայտարարել է Գերմանիայի ՊՆ Անեգրետ Քրամփ Քարենբաուերը, հաղորդում է AP-ն:
ՆԱՏՕ-ի դաշնակիցները, ներառյալ՝ Գերմանիան, պատրաստվում են միանալ Միացյալ Նահանգներին Աֆղանստանից իրենց զորքերը դուրս բերելու հարցում՝ սկսած մայիսի 1-ից: Ներկայում Գերմանիան ունի 1000-ից փոքր-ինչ ավելի զինծառայող, որոնք մասնակցում են այդ առաքելությունում, եւ շուրջ 300 տեղի աշխատակից:
Անեգրետ Քրամփ Քարենբաուերը հայտնել է dpa գերմանական տեղեկատվական գործակալությանը, որ ցանկանում է Գերմանիա տեղափոխել աշխատակիցներին, որոնց, հնարավոր է, վտանգ է սպառնում Աֆղանստանում մնալու դեպքում: «Ես համարում եմ, որ դա իմ պարտքն է... այդ մարդկանց անպաշտպան չթողնելը ներկայում, երբ մենք, ի վերջո, հեռանում ենք երկրից»:
Welt am Sonntag թերթը, հղում անելով Ներքին գործերի նախարարությանը, հաղորդել է, որ Գերմանիան պատրաստվում է գրասենյակ բացել Քաբուլում, ինչպես նաեւ, հավանական է, Աֆղանստանի հյուսիսում՝ Մազարի Շարիֆում, որպեսզի աջակցի այդպիսի գործերի քննմանը:
«Ըստ իս՝ մեր իրավիճակը փոխվել է, քանի որ մենք խոսում ենք ոչ թե առաքելությունը վերակազմակերպելու, այլ դրա ավարտի մասին»,-ասել է Քրամփ Քարենբաուերը: «Իսկ դա, հնարավոր է, նշանակում է անվտանգության առումով այլ իրավիճակ եւ այլ գնահատական»:
Գերմանիան մտադիր է ավարտին հասցնել զորքերի դուրս բերումն օգոստոսի կեսերին: