Սլովակիայի նախագահը սատարել է ռուս դիվանագետներին արտաքսելու ուղղությամբ Չեխիայի գործողությունները
Կիրակի Սլովակիայի նախագահ Զուզաննա Չապուտովան աջակցություն է հայտնել Չեխիային, որի իշխանությունները որոշել են արտաքսել երկրից Ռուսաստանի դեսպանատան 18 աշխատակիցներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Չապուտովան, մասնավորապես, նշել է, որ Սլովակիան ուշադրությամբ հետեւում է գործընթացներին Չեխիայի դեմ օտարերկրյա հատուկ ծառայությունների ենթադրյալ գործողությունների մասին գործի շուրջ, որի հետեւանքով զոհվել են մարդիկ եւ տեղի են ունեցել խոշոր ավերածություններ Վրբետիցեում: «Մենք սատարում ենք Չեխիային եւ նրա կողմից ձեռնարկված քայլերը»,-նշել է Չապուտովան:
Նշենք, որ նախօրեին Չեխիան հայտարարել էր 18 դիվանագետներին արտաքսելու մասին, որոնք կասկածվում են ռուսական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ: Չեխիայի ՆԳՆ-ն կասկածել է ռուսական հատուկ ծառայություններին 2014 թվականին Վրբետիցեում պայթյունի կազմակերպման մեջ: