Չեխիան ՌԴ դեսպանության 18 աշխատակցի է արտաքսում երկրից
Չեխիան արտաքսում է ՌԴ դեսպանատան 18 աշխատակցի, որոնք, տեղի հատուկ ծառայությունների պնդմամբ, ռուսական հետախուզության սպաներ են: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին շաբաթ Պրահայում կայացած արտահերթ ասուլիսում հայտարարել է երկրի առաջին փոխվարչապետ և ՆԳ նախարար Յան Գամաչեկը, որը ժամանակավորապես կատարում է նաև ԱԳ նախարարի պարտականությունները:
«Ես՝ որպես Չեխիայի արտգործնախարար, որոշում եմ կայացրել արտաքսել Պրահայում ռուսական դեսպանության բոլոր աշխատակիցներին, որոնք, ինչպես պարզել են մեր հատուկ ծառայությունները, ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության և Գլխավոր հետախուզական վարչության սպաներ են: 48 ժամվա ընթացքում Չեխիայից պետք է հեռանա ՌԴ դեսպանության 18 աշխատակից»,- ասել է նախարարը:
Վերջինս ափսոսանք է հայտնել, որ այդ քայլը լուրջ հարված կհասցնի ռուս-չեխական հարաբերություններին, սակայն իր երկիրը ստիպված է եղել նման քայլի գնալ:
Ասուլիսին ներկա է եղել նաև վարչապետ Անդրեյ Բաբիշը, որը հայտնել է, որ ազգային հատուկ ծառայությունները մատնանշել են ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության ներգրավվածությունը երկրի արևելյան շրջանի գյուղերից մեկում գտնվող զինամթերքի պահեստում 2014 թվականին տեղի ունեցած պայթյունին: