Մեծ Բրիտանիայում մեկնարկել է արքայազն Ֆիլիպի հրաժեշտի արարողությունը. հուղարկավորության թափորին միացել է նաև թագուհին (տեսանյութ)
Մեծ Բրիտանիայի բնակիչները հավաքվել են Վինձորի ամրոցի մոտակայքում՝ վերջին հրաժեշտը տալու արքայազն Ֆիլիպին, որի հուղարկավորության թափորը սկսել է երթը:
Ինչպես հայտնում է BBC News-ը, թագավորական ընտանիքի անդամները քայլում են հուղարկավորության թափորի հետևից: Նրանց է միացել նաև թագուհի Էլիզաբեթ Երկրորդը: Թագուհին դուրս է եկել ամրոցից՝ մասնակցելու արարողությանը: Աղբյուրի փոխանցմամբ՝ ամուսնու մահից հետո թագուհին առաջին անգամ է դուրս գալիս հանրության մեջ:
Կորոնավիրուսի համավարակի պատճառով արարողությունը փակ է լինելու հանրության համար: Հրաժեշտի արարողությանը ներկա են լինելու միայն միապետական ընտանիքի անդամները: Այդպես ցանկացել էր նաև արքայազն Ֆիլիպը:
4 կմ երկարությամբ ձգվող երկար զբոսուղին, որը Վինձորյան այգուց տանում է մինչև ամրոց, փակ է հանրության համար: Հուղարկավորության արարողությանը մասնակցելու են նաև զինվորականներ՝ ընդհանուր առմամբ 700 մարդ:
Հիշեցնենք, որ Էդինբուրգի դուքսը կյանքից հեռացել է ապրիլի 9-ին՝ 99 տարեկան հասակում: