ՌԴ ԱԳՆ-ն Սանկտ Պետերբուրգում ձերբակալված ուկրաինացի հյուպատոսին խորհուրդ է տվել հեռանալ երկրից
ՌԴ ԱԳՆ-ն Սանկտ Պետերբուրգում Ուկրաինայի հյուպատոս Ալեքսանդր Սոսոնյուկին խորհուրդ է տվել հեռանալ երկրից 72 ժամվա ընթացքում՝ սկսած ապրիլի 19-ից:
Ինչպես փոխանցում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մասին արտաքին քաղաքականության գերատեսչությունը հայտնել է Ռուսաստանում Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատար Վասիլի Պոկոտիլոյին, որին այսօր կանչել են ԱԳՆ:
«Ռուսական կողմն ընդգծել է նմանօրինակ գործունեության անթույլատրելիությունը, որը համատեղելի չէ հյուպատոսության աշխատակցի կարգավիճակին և վնաս է հասցնում Ռուսաստանի Դաշնության անվտանգության շահերին»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Սանկտ Պետերբուրգում ձերբակալել է Ուկրաինայի գլխավոր հյուպատոսին` իրավապահ մարմինների և ԱԴԾ-ի տվյալների բազաներից գաղտնի տեղեկատվություն ստանալու համար: Ուկրաինան, արձագանքելով դիվանագետի ձերբակալությանը, այդ քայլն անվանել է թշնամական գործողություն:
Ուկրաինայի ԱԳՆ-ն խոստացել է պատասխան քայլ անել: