Պեկինում հրդեհաշիջման ընթացքում 2 հրշեջ է զոհվել
Պեկինի հարավային Ֆենթայ շրջանում գտնվող էլեկտրակայանում հրդեհի մարման ժամանակ 2 հրշեջ է զոհվել, 1-ը` վիրավորվել: Այս մասին ասված է Չինաստանի մայրաքաղաքի հրշեջ վարչության հաղորդագրության մեջ, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Հրշեջ-փրկարարները ուրբաթ Ֆենթայի շրջանում գտնվող էլեկտրակայանում բռնկված հրդեհի մասին հաղորդագրություն են ստացել ժամը 12:17-ին (Երևանի ժամանակով 08:17-ին), դեպքի վայր են ժամանել 47 հրշեջ հաշվարկ և 235 հրշեջ:
Տեղական ժամանակով ժամը 14:15-ի սահմաններում, երբ հրշեջները աշխատում էին կայանի հարավային կողմում, դրա հյուսիսային մասում հանկարծակի պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 2 հրշեջ է զոհվել, մեկը վիրավորվել է, էլեկտրակայանի մեկ աշխատակից էլ անհայտ կորել է: Հրդեհը մարվել է միայն ժամը 23:40-ին:
Նախնական հետաքննության համաձայն, էլեկտրակայանը մինչ միջադեպը գտնվում էր կառուցման և կարգավորման փուլում: Միջադեպի պատճառները պարզվում են: