Այս գաղտնազերծումը որևէ կերպ չի հերքում Օնիկ Գասպարյանի ասածները, մենք գործ ունենք իշխանությունների հերթական «ֆեյք հերքման» հետ. Կարեն Վրթանեսյանը՝ ԱԽ-ի հրապարակման մասին
Ըստ էության՝ մենք գործ ունենք իշխանությունների հերթական «ֆեյք հերքման» հետ, այսինքն, իբր թե հերքում են, բայց իրականում ոչինչ էլ չեն հերքում: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասել է «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի զեկույցի վերաբերյալ ԱԽ գաղտնազերծած փաստաթղթերին։
Նշենք, որ ի պատասխան ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ 2020 թվականի նոյեմբերի 17-ի հայտարարության՝ Անվտանգության խորհրդի գրասենյակը պարզաբանել է սույն հայտարարությունում հնչած որոշ պնդումներ և հրապարակել վերջինիս առնչվող գաղտնազերծված փաստաթղթեր:
«ԱԽ-ի հրապարակած երեք փաստաթղթերից առաջինը կապ չունի իրողությունների հետ, երկրորդը` սեպտեմբերի 30-ի փաստաթուղթը, քաղվածք է արձանագրությունից, բայց ըստ էության, կարևոր հրապարակում չկա, մեծ մասը ջնջված է, մնացածն էլ որևէ կերպ չի հերքում Օնիկ Գասպարյանի ասածները: Օրինակ՝ նա հանգիստ կարող էր ասել՝ այս պահին զսպում ենք, բայց մի երկու օրից էլ չենք դիմանա: Հիմա, եթե նրանք ջնջեն օրինակ` վերջին հատվածն ու պահեն առաջին մասը, կարող էր տպավորություն ստեղծվել, որ իրական վիճակի մասին չի զեկուցվել»,-մեկնաբանեց Վրթանեսյանը:
Նա նկատեց, որ հրապարակված երրորդ փաստաթուղթն ընդհանրապես ամսաթիվ չունի և որևէ բովանդակային բան այդ փաստաթղթից անհնար էն ակնկալել: «Ամենամեծ փաստարկը Նիկոլ Փաշինյանի դեմ այն է, որ եթե Օնիկ Գասպարյանը սխալ կամ կեղծ բան է հայտարարել նոյեմբերի 17-ին, ապա Նիկոլ Փաշինյանը չորս ամիս ուներ դա հերքելու համար, սակայն նրանք լուռ էին: Պետք է նաև հաշվի առնել այն, որ նոյեմբերի 17-ի հայտարարությունը սատարում էր Նիկոլ Փաշինյանին: Օնիկ Գասպարյանն այդ ժամանակ փրկում էր Նիկոլ Փաշինյանի կաշին, հիմա փորձում են սուտ ու կեղծիք ներկայացնել դա։ Դե, եթե սուտ էր, կեղծիք էր, այն ժամանակ խոսեիք, ինչի՞ էիք լռում»,-ասաց նա և ևս մեկ անգամ շեշտեց, որ այս գաղտնազերծումը հերքում չէ և իշխանության հերթական մանիպուլացիան է:
«Պայմանականորեն ասած՝ սա հերթական «գրիչի» պատմությունն է: Հրապարակված հատվածներն այնքան են կոնտեքստից կտրված, որ բացարձակ չի հասկացվում զեկույցի բովանդակությունը, ցանկացած ձևով կարող ենք սա մեկնաբանել, և որևէ կերպ չի հաստատվում Փաշինյանի այն ասածը, թե Օնիկ Գասպարյանը չի զեկուցել վիճակի մասին: Իշխանականները կարող են նոր փաստաթղթեր էլ հրապարակել, կեղծ փաստաթղթեր հրապարակել, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն այնքան են խրվել ստի, մանիպուլյացիաների, կիսաճշմարտությունների մեջ, որ ընդունակ են ցանկացած քայլի. սա բազմիցս ապացուցվել է»,-նշեց նա: