Պուտին-Բայդեն հեռախոսազրույցից հետո դեպի Սև ծով շարժվող ԱՄՆ-ի էսկադրային ականակիրները փոխել են ուղղությունը. Известия
ԱՄՆ ռազմածովային ուժերի էսկադրային ականակիրներ «Դոնալդ Կուկ»-ը և «Ռուզվելտ»-ը ապրիլի 14-ին, դադարեցրել են իրենց շարժումը դեպի Սև ծով: Այս մասին «Իզվեստիա»-ին տեղեկացրել է ռազմական գերատեսչությունում աղբյուրը:
Նավերը փոխել են իրենց երթուղին և խարիսխ են գցել Կրետե կղզում: Դրանք այնտեղ են անցկացրել ամբողջ օրը:
Նավերը խարիսխ են գցել Սուդա նավահանգստում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի նյութատեխնիկական ապահովման կետում:
Երեկոյան, ըստ Marinetraffic.com ռեսուրսի, էսկադրային ականակիրները լքել են կղզին, սակայն նրանց շարժման երթուղին դեռ անհայտ է. դրանք կարող են շարունակել ընթանալ դեպի Սև ծով, կամ մնալ Միջերկրական ծովի ավազանում:
Նավերի ուղղության փոփոխությունը տեղի է ունեցել նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հեռախոսազրույցի հաջորդ օրը:
Ամերիկյան նավերն Իսպանիայում գտնվող Ռոտա ռազմածովային կայանից ապրիլի 10-ին նավարկել էին դեպի Ռուսաստանի ափեր: Ավելի վաղ Թուրքիայի կառավարությունը հայտարարել էր, որ ապրիլի 14-15-ին նրանք պետք է անցնեն նեղուցները և մտնեն Սև ծով:
Փորձագետները նշում են, որ եթե էսկադրային ականակիրների այցը հետաձգվի, դա կլինի տարածաշրջանում իրավիճակի լիցքաթափման նշան: