«Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը» պատրաստ է ցուցաբերել իրավական աջակցություն՝ լրագրողների իրավունքների պաշտպանության գործընթացում. Գոհար Մելոյանը՝ Tert.am-ի լրագրողի թիրախավորման մասին
Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է սոցցանցերում տարբեր օգտատերերի կողմից Tert.am-ի լրագրող Անի Գևորգյանի թիրախավորմանը:
«Հերթական անգամ ընդգծվում է այն ուշագրավ հանգամանքը, որ ամենաշատն իր կազմում մասնագիտությամբ լրագրող ունեցող իշխող ուժի օրոք, որի հենց ղեկավարն էլ անգամ լրագրող է, շուրջ 3 տարվա կտրվածքում, արդեն պարբերական բնույթ է կրում՝
լրագրողների եւ, ընդհանրապես, զանգվածային լրատվության միջոցների թիրախավորումը, հետապնդումը, ընդհուպ մինչեւ՝ ֆիզիկական բռնություն,
խոսքի եւ տեղեկատվության ազատության հիմնարար իրավունքների սահմանափակումները, ընդհուպ մինչեւ՝ հակաիրավական եւ հակաժողովրդավարական նորմատիվ իրավական ակտերի ընդունում։
Վերոնկարագրյալ իրավիճակի թե՛ պատճառը, թե՛ նպատակը պարզ են՝ ԶԼՄ-ների գործունեության, եւ խոսքի ու տեղեկատվության ազատության իրականացման արդյունքում՝ ամենօրյա հաճախականությամբ բացահայտվում է այս գործող ուժի անհամար, դավադիր եւ անհեթեթ ստերի տեղատարափը, ինչպես նաեւ նախաձեռնվելիք հանցավոր մտադրությունները։
Հարգելի լրագրողներ եւ լրատվամիջոցներ.
Ի դեմս International Center on Development of Parliamentarism մեր կազմակերպության, պատրաստակամ ենք ցուցաբերել իրավական աջակցություն՝ Ձեր իրավունքների պաշտպանության եւ իրականացման արդար գործընթացում»,- գրել է Մելոյանը:
Հիշեցնենք, որ այսօր Tert.am-ի լրագրող Անի Գևորգյանին սոցցանցերով սպառնացել էին ու տարածել նրա երեխայի լուսանկարը։