Ցածր ֆիզիկական ակտիվությունը բարձրացնում է կորոնավիրուսից մահվան ռիսկը. հետազոտություն
Ցածր ֆիզիկական ակտիվություն ունեցող հիվանդների համար կորոնավիրուսից մահվան ռիսկը եռապատկվում է: Այս մասին նկարագրված է British Journal of Sports Medicine-ում հրապարակված հետազոտության մեջ:
Kaiser Permanente բժշկական կենտրոնի ամերիկացի գիտնականները նաեւ պարզել են, որ ցածր ֆիզիկական ակտիվությունը նույնպես կրկնապատկում է կորոնավիրուսային վարակ ունեցող անձի՝ հիվանդանոց ընկնելու հավանականությունը: Ավելին, պասիվ մարդկանց մոտ նաեւ 70 տոկոսով ավելացել է ռեանիմացիայում հայտնվելու ռիսկը:
Հետազոտության հեղինակներն ուսումնասիրել են կորոնավիրուսային վարակով 48.000 մարդկանց տվյալները եւ պարզել են, որ ցածր ֆիզիկական ակտիվությունը կարելի է համարել ամենավտանգավոր ռիսկի գործոններից մեկը՝ ծխելու, ճարպակալման, շաքարախտի եւ հիպերտոնիայի հետ միասին:
«Բոլոր երկրների առողջապահական մարմինները պետք է դա հաշվի առնեն բնակչության հետ իրենց աշխատանքի ընթացքում, ինչը հատկապես կարեւոր է, հաշվի առնելով, թե որքան դժվար է լավ մարզավիճակ պահպանել մեկուսացման ընթացքում»,- նշում են փորձագետները իրենց զեկույցում: