Պարտության ամենամեծ բաժինն էլ կվերցնեմ, բայց դա չի նշանակում, որ ոմանք պիտի առիթավորվեն ու ասեն՝ եկեք ամեն ինչ լցնենք նրա վրա, թող տանի. Նիկոլ Փաշինյան
Ձեր ելույթում ասում եք, որ բոլորը մեղավոր են, մեղավոր են նախկինները, Մինսկի խումբը, հանրությունը, գեներալները, ուզում եմ հասկանալ՝ Դուք ձեր մեղքի բաժինն ընդհանրապես չե՞ք տեսնում պատերազմում տեղի ունեցածում: Կամ ի՞նչ է նշանակում՝ գեներալները որոշում են, ես՝ մոդերացիա էի անում: Այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
Նա Փաշինյանին հիշեցրեց, որ շատ առիթներով վերջինս ասել է, թե նա է գերագույն գլխավոր հրամանատարը: «Հիմա ուզում եմ հասկանալ՝ Դուք մոդերատո՞ր էիք, վարչապե՞տ, թե գերագույն գլխավոր հրամանատար»:
Փաշինյանն արձագանքեց, որ պատերազմի առաջին օրվանից հայտարարել է, որ ինքն է թիվ մեկ պատասխանատուն և շարունակում է այդպես ասել:
«Ես ունեմ մեղավորության իմ բաժինը, ուզո՞ւմ եք ամենամեծ բաժինը կվերցնեմ, ես ասում եմ՝ պարտությունն իմն է, հաղթանակը՝ բոլորին, պարտությունը՝ ինձ, բայց դա չի նշանակում, որ ոմանք պիտի առիթավորվեն ու ասեն՝ քանի իր վրա է վերցնում, եկեք, ինչ կա լցնենք իր վրա, թող տանի»,-ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ երբեք իրեն իրավունք չի վերապահել ռազմական գործի նրբությունների մեջ մտնել, որովհետև համարել է, որ որպես երկրի ղեկավար՝ պետք է հենվի հնչած կարծիքների վրա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հայ ժողովուրդը պետք է իմանա ճշմարտությունն ու իմանա, թե ի վերջո ինչ է տեղի ունեցել և պատերազմի միակ կանխելու ձևն այն էր, որ ամբողջ Արցախը հանձնվեր և դեռ հարց էր, թե արդյո՞ք պատերազմը կկանխվեր: «2017 թվականից բանակցություններն արդեն տանուլ էին տված անդառնալիորեն, զիջում անելու տեղ այլևս չի եղել»,– ասաց նա:
Գևորգ Գորգիսյանն արձագանքեց, որ ամեն դեպքում, չի երևում, որ Փաշինյանն իրեն որևէ կերպ մեղավոր է զգում: