Ավստրիան պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Պուտին-Բայդեն հանդիպման համար
Ավստրիան միշտ պատրաստ է հարթակ տրամադրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հնարավոր հանդիպումն անցկացնելու համար, եթե կողմերը որոշեն հանդիպել այդ երկրի տարածքում: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Ավստրիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
«Նման գագաթնաժողով անցկացնելու, ինչպես նաև դրա անցկացման վայրի ու ժամանակի մասին որոշումը կայացնելու են երկու երկրները: Ավստրիան, իհարկե, միշտ կլինի բարձր մակարդակով բոլոր տեսակի բանակցությունների մասնակիցների տրամադրության տակ»,- ասել է ասվստրիական արտաքին քաղաքականության գերատեսչության ներկայացուցիչը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք երկիրը կարող է նման գագաթնաժողովի անցկացման վայր դառնալ:
Վիեննան ավանդաբար հանդես է գալիս որպես ԱՄՆ-ՌԴ բանակցությունների անցկացման վայր դառնալու առաջարկով:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և առաջարկել առաջիկա ամիսներին գագաթնաժողով անցկացնել որևէ երրորդ երկրում: