Ես լիովին հասկանում եւ կիսում եմ հայ հասարակության զգացմունքները՝ կապված Բաքվում այսպես կոչված «այգու» բացման հետ. Ջոնաթան Լաքոտ
Ես լիովին հասկանում եւ կիսում եմ հայ հասարակության զգացմունքները՝ կապված Բաքվում այսպես կոչված «այգու» բացման հետ: Այս մասին լրագրողներին տված հարցազրույցում ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը:
Ֆրանսիացի դիվանագետը նշեց, որ վերջերս այցելել է Եռաբլուրի ռազմական գերեզմանատուն: «Մենք տեսնում ենք, թե որքան զոհեր կան, որքան կորուստներ: Մենք տեսնում ենք ընտանիքների տառապանքները: Բայց դա նաեւ տեղ է, որտեղ դրսեւորվում է արժանապատվությունը:
Պատերազմը ներկայացում բեմադրելու առարկա չէ: Այժմ առաջնահերթությունը հակամարտության լուծումը գտնելն է: Առաջնայինը գերիների վերադարձն է` նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության եւ միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն, տեղահանվածների վերադարձը, մշակութային եւ կրոնական ժառանգության պաշտպանությունը եւ երկարաժամկետ խաղաղություն գտնելու համար կառուցողական երկխոսության վերսկսումը»,- ընդգծեց դեսպանը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանի իշխանությունների ագրեսիվ հռետորաբանությունը նպաստում է հարաբերությունների հաստատմանը, դեսպանը նշեց. «Հայաստանն արժանապատիվ է իր պարտության մեջ: Պետք է արժանապատիվ լինել նաեւ հաղթանակի դեպքում»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախօրեին Բաքվում հայտնվել է գրավված հայկական տեխնիկայի այգի՝ պատերազմի իրադարձությունների բեմադրման տեսքով: Հրեշավոր կառույցը տեղակայվել է հինգ հեկտարի վրա: «Պաշտպանական ամրությունների իրական պատկերը, որը թշնամին կառուցել է մի քանի տասնամյակ, վերստեղծվել է: Այստեղ կարելի է տեսնել հզոր ցանկապատային համակարգ՝ բաղկացած 10 գծից, ներառյալ բետոնե ինժեներական կառույցներ, հակատանկային խրամատներ, ականապատված տարածքներ, թունելներ, խրամատներ», - հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Հայերին պատկերող մանեկենները հատուկ նշանակություն են տալիս «այգուն»: Իլհամ Ալիեւն արդեն հասցրել է կեցվածք ընդունել ավարային սաղավարտների ֆոնին: