Մարզպետի արյունը իմ տղայի արյունից կարմի՞ր է. գերիների հարազատները փակել էին Շիրակի մարզպետարանի մուտքը (լուսանկարներ)
Պատերազմի ավարտից հետո Արցախի Խծաբերդ գյուղից գերեվարված շիրակցի պահեստազորայինների հարազատները երեկ շրջափակել էին մարզպետարանի շենքը և թույլ չեին տալիս, որ մարզպետարանի աշխատակիցներն ու մարզպետը դուրս գան շենքից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է գերեվարված պահեստազորայինի մայրը, որը խնդրեց իր անունը չհրապարակել։
Նրա փոխանցմամբ, իրավիճակը լարվել է, ոստիկանությունը բռնի ուժ կիրառելով, փորձել է մարզպետարանի մուտքը բացել, սակայն շենքը շրջափակած գերիների հարազատները դիմադրել են, ինչի հետևանքով մի կին է վնասվածք ստացել։ Շտապօգնություն է կանչվել։
Նշենք, որ կեսօրից գերեվարվածների հարազատները հավաքվել էին մարզպետարանի դիմաց. նրանք պահանջում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում։
«Թող գա մեր հարցին վերջապես պատասխանի՝ ե՞րբ է մեր տղաներին վերադարձնելու։ Ինքը հայտարարեց, թե գերիների հարցը լուծված է, ու մինչ օրս ոչ մի լուծում մենք չենք տեսնում։ Ո՞վ է այդ հարցով զբաղվողը, վարչապե՞տը, Պաշտպանության նախարա՞րը, թե՞ այլ մեկը, թող գան, մեզ հստակ պատասխանեն։ Մեր երեխաներին տարան, խաղաղ պայմաններում տվեցին թուրքին գերի, նվեր տվեցին։ Ամբողջ գիշեր էլ կմնան այստեղ, ո՛չ մարզպետը դուրս կգա, ո՛չ էլ մարզպետարանի աշխատակիցները, ինչի՞ մարզպետի արյունը իմ տղայի արյունից կարմիր է, թող ինքն էլ մնա էնտեղ մեկ գիշեր, իմ տղան, որ 4 ամիս Բաքվի բանտում է, թող ինքն էլ մի գիշեր մնա առանց երեխաներին տեսնելու, տեսնենք՝ լա՞վ է էդպես»,– վրդովված ասաց գերեվարվածի մայրը։
Տելեգրամյան Mediaport ալիքը լուսանկարներ է հրապարակել Շիրակի մարզպետարանից։
Գերիների հարազատների հետ բանակցում է Շիրակի մարզի ԱԱԾ պետի. նրանք չեն լքում մարզպետարանի շենքը