ԱՄՆ-ը կմեծացնի իր ռազմական ներկայությունը Գերմանիայում
ԱՄՆ-ը կմեծացնի իր ռազմական ներկայությունը Գերմանիայում՝ Ուկրաինայի պատճառով Ռուսաստանի հետ վերջին լարվածության ֆոնին՝ հրաժարվելով արեւմտյան Գերմանիայից 36 000 զորքերից մոտ 12000-ը դուրս բերելու նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրերից, հայտնում է Reuters-ը:
«Ես նախարարին տեղյակ եմ պահել այս աշնանը Վիսբադենի տարածքում մոտ 500 ԱՄՆ լրացուցիչ զորք տեղակայելու մեր մտադրության մասին»,- Բեռլինում իր գերմանացի գործընկեր Աննեգրետ Կրամպ-Կարենբաուերի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը:
Անցյալ հունիսին Թրամփը հայտարարել էր Գերմանիայում ԱՄՆ զորախումբը մոտ մեկ երրորդով կրճատելու մտադրության մասին՝ նշելով, որ Բեռլինը օգտագործում է ԱՄՆ-ին իր օգտին՝ չկատարելով ՆԱՏՕ-ի նկատմամբ իր ֆինանսական պարտավորությունները:
Օսթինը, ով երիտաարդ տարիներին ծառայել է Գերմանիայում եւ ասել է, որ շատ ջերմ հիշողություններ ունի այդ ժամանակի հետ կապված, շնորհակալություն է հայտնել Բեռլինին՝ ՆԱՏՕ-ի առաքելություններում իր ներդրման եւ պաշտպանության ծախսերը մեծացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար:
«Ես չեմ մոռացել, որ մենք արժեքներ ունենք, եւ որ դուք շատ հավատարիմ գործընկեր եք»,- ասել է նա:
Օսթինը հրաժարվել է պատասխանել այն հարցերին, թե արդյոք լրացուցիչ զորքերի տեղակայումը կարելի է մեկնաբանել որպես ազդանշան Ռուսաստանին՝ կապված Ուկրաինայի շուրջ նոր լարվածության հետ: «Այս ուժերը կամրապնդեն զսպումը եւ պաշտպանությունը, եւ դրանք կխթանեն մեր առկա հակամարտությունների կանխարգելման հնարավորությունները եւ, անհրաժեշտության դեպքում, կպայքարեն եւ կհաղթեն»,- ասել է նա: «Սա մեծապես կբարելավի մեր դաշնակիցներին պաշտպանելու համար անմիջապես ուժեր հավաքելու կարողությունը»: