Իտալիայի իշխանությունները կասկածում են, որ մաֆիան վերահսկում է կորոնավիրուսի դեմ պատվաստումները
Իտալիայի իշխանությունները հետաքննում են՝ արդյոք մաֆիան կորոնավիրուսի պատվաստանյութերը բաշխում է իր ընկերների եւ բարեկամների միջեւ՝ զրկելով դրանցից նրանց, ովքեր դեղամիջոցի կարիքն ավելի շատ ունեն, հաղորդում է Politico-ն:
Երկրում տարեց մարդկանց մահացության աճ է գրանցվել, եւ վարչապետը մեղադրել է երիտասարդներին կանոնների խախտման մեջ:
Ըստ Politico-ի՝ հունվարի վերջին Իտալիայում պատվաստանյութ ստացած յուրաքանչյուր 10 մարդուց մոտ յոթը մինչեւ 60 տարեկան էին, եւ ամբողջ հանրապետությունում առնվազն 1000 պատվաստված գտնվում է հետաքննության մեջ՝ առանց հերթի պատվաստանյութը ստանալու կապակցությամբ:
Միջազգային հետազոտական կենտրոնի գնահատմամբ՝ Իտալիայում կարող է շուրջ 8000 կյանք փրկվել, եթե ավելի շատ տարեց մարդիկ կարողանան պատվաստանյութեր ստանալ:
Մաֆիան հաճախ վերահսկում է առողջապահությունը երկրում, հատկապես՝ հարավում, հայտնում է Politico-ն, որտեղ իրենց բուժաշխատող անվանող մարդկանց թիվը մեծապես աճել է, քանի որ այս խումբը պետք է առաջինը պատվաստվածներից լինի, ինչը կասկածներ է հարուցում:
«Պատվաստվում են մարդիկ, ովքեր կառավարության կողմից սահմանված որեւէ առաջնային կատեգորիայի մեջ չեն, հատկապես՝ որոշ մարզերում, որտեղ մաֆիան ակտիվ է, եւ մենք կասկածում ենք, որ մաֆիան պատվաստմամբ է զբաղվում»,- ասել է մաֆիայի դեմ պայքարի հանձնաժողովի անդամ Մարիո Ջարրուսոն: