Գնաճի միտումը կարող է շարունակվել՝ հաշվի առնելով, որ սննդամթերքը միջինում թանկացել է 8,1 տոկոսով, իսկ առաջին անհրաժեշտության մթերքները՝ 20-25 տոկոսով
Արժութային շուկայում ճգնաժամ է: Այս մասին վկայում է նաև ԿԲ քաղաքականությունը՝ կապված վերջին ամիսներին վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը:
Ավետիսյանը պարզաբանել է, որ ԿԲ-ն տվյալ դեպքում փորձել է կատարել իր սահմանադրական պարտքը՝ զսպել գնաճը և դրամի դևալվացիան: Սակայն միայն այդ գործիքի կիրառումը բավարար չէ գնաճի խնդրի համակարգային լուծման համար:
«Այս ճգնաժամի ամենալուրջ հետևանքը գնաճն է: Զուգահեռ նվազում է զբաղվածության մակարդակը, կրճատվում են քաղաքացիների իրական եկամուտները, փակվում են փոքր բիզնեսի ընկերությունները: Բացի այդ, երկրում աշխատողների 25 տոկոսը մտնում է աղքատների կատեգորիայում, իսկ աճի միտումը կարող է շարունակվել՝ հաշվի առնելով, որ սննդամթերքը միջինում թանկացել է 8,1 տոկոսով, իսկ առաջին անհրաժեշտության մթերքները՝ 20-25 տոկոսով:
Այդ ամենի մուլտիպլիկատիվ արդյունք կարող է լինել բնակչության աղքատության մակարդակի կտրուկ աճի տեսքով հումանիտար աղետը, կապիտալի և էմիգրացիայի հոսքի նոր ալիքը:
Խոսքը հազարավոր քաղաքացիների մասին է: Հետևանքները կզգան բոլորը»,-նշեց տնտեսագետը: