Գիտնականները հերքում են կորոնավիրուսի բրիտանական շտամից մահացության բարձր մակարդակը
Կորոնավիրուսի բրիտանական շտամն (B.1.1.7) ընդհանրապես չի բարձրացնում մահացությունը, ընդ որում, չի մեծացնում վարակի ծանրությունը, սակայն ավելի արագ է տարածվում: Այս մասին ասվում է The Lancet Infectouse Diseases-ում հրապարակված հետազոտության մեջ:
Հետազոտության հեղինակները հետևել են 341 հիվանդի Լոնդոնի երկու կլինիկաներում: Երկու խմբերի հիվանդների շրջանում մահացությունների համամասնությունը համեմատելի էր (16 եւ 17 տոկոս), ախտանիշների խստությունը մոտավորապես նույնն էր: Բրիտանական շտամով հիվանդների կարեւոր տարբերությունը վիրուսային մեծ բեռն էր՝ վիրուսային մասնիկների քանակը նրանց արյան նմուշներում:
The Lancet Public Health-ում հրապարակված մեկ այլ հետազոտություն հաստատում է այս տեղեկատվությունը: Մասնագետներն ուսումնասիրել են 37.000 վարակված հիվանդների տվյալներ, ովքեր 2020 թվականի սեպտեմբերի վերջին-դեկտեմբերի վերջն օգտագործել են COVID Symptom Study հավելվածը: Նրանք ոչ մի կապ չեն գտել ախտանիշների սրության եւ բրիտանական շտամով հիվանդների թվի միջեւ:
Բացի այդ, հետազոտության հեղինակները չեն գտել որեւէ վիճակագրական նշանակություն ունեցող կապ B.1.1.7 հիվանդությամբ հիվանդների թվի եւ վերավարակման մակարդակի միջեւ: Սակայն վերարտադրության ինդեքսը՝ ցուցանիշ, որով գիտնականները դատում են որոշակի վիրուսի տարածման տեմպերի մասին, բրիտանական շտամում 1.35 անգամ բարձր է:
Նշենք, որ որոշ փորձագետներ նշում են, որ բրիտանական շտամն արդեն ավելի վտանգավոր է, քանի որ այն ավելի արագ է տարածվում. որքան շատ են վարակվածները, այնքան շատ են բարդություններ ունեցող հիվանդները, ովքեր ինտենսիվ խնամքի կարիք ունեն: