Հայաստանում աշխատավարձերն ամենաշատն աճել են կապի և տեղեկատվության, իսկ կրճատվել՝ սննդի ոլորտում
2020 թվականի տնտեսական ճգնաժամը մեծ հարված է հասցրել նաև աշխատանքի շուկային։ Անցած տարի մոտ 22 հազար տնտեսվարողներ դադարեցրեցին իրենց գործունեությունը, ինչի արդյունքումշուրջ 47 հազարով կրճատվեց զբաղվածների թիվը, և աշխատանք կորցրած 28 հազար մարդ համալրեց նպաստառուների շարքերը։ Ուշագրավ է, որ առաջին հերթին փակվեցինցածր վարձատրվող աշխատատեղերը, որոնց համար անհրաժեշտ չէր բարձր որակավորումը և մասնագիտացումը։
Պաշտոնական վիճակագրությամբ՝ 2020 թվականին միջին ամսական անվանական աշխատավարձը աճել է 3,9 տոկոսով, այդ թվում՝ պետական հատվածում՝ 5,3 տոկոսով, իսկ մասնավորում՝ 3 տոկոսով։Հետաքրքրական է միջին աշխատավարձերի դինամիկան ըստ ոլորտների։ Մասնավորապես՝ 2020 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձն ամենաշատն աճել է տեղեկատվության և կապի ոլորտում՝ 11,7 տոկոսով, իսկ ամենամեծ աշխատավարձի կրճատումը գրանցվել է կացության և հանրային սննդի ոլորտում՝ 7,9 տոկոսով, ինչը պայմանավորված է ռեստորանների, սրճարանների և հանրային սննդի այլ օբյեկտների գործունեության սահմանափակումներով և պահանջարկի կրճատմամբ։
Ամենաբարձր միջին աշխատավարձը գրանցվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում՝646563 դրամ, իսկ ամենացածր՝ հանրային սննդի ոլորտում՝ 91 298 դրամ։
Ըստ ոլորտների՝ միջին աշխատավարձերի դինամիկան թույլ է տալիս գնահատել նաև տնտեսության ճյուղերի իրական վիճակը, և դրա ազդեցությունը մարդկանց կենսամակարդակի վրա։
2020 թվականին Հայաստանի համար առաջնահերթ համարվող գյուղատնտեսության ոլորտում, որտեղ ներգրավված է աշխատուժի շուրջ 30 տոկոսը,գրանցվել է միջին աշխատավարձի 1,4 տոկոս կրճատում։ Նույն պաշտոնական տվյաներով՝ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն աճելէ 1,4 տոկոս։ Ստացվում է, որ գյուղատնտեսության ոլորտը պաշտոնական թվերով աճել է, իսկ այդ ոլորտում աշխատողների վաստակը՝ նվազել։
Հայաստանի տնտեսության կառուցվածքի և որակի բնութագրական ցուցանիշ է հանքարդյունաբերության ոլորտում տիրող վիճակը։ Պաշտոնական տվյալներով՝ 2020 թվականին հանքարդյունաբերությունն աճել է 11,6 տոկոսով, այն դեպքում, երբ այս ոլորտում աշխատողների միջին աշխատավարձը նվազել է 4,4 տոկոսով՝ կազմելով 455 465 դրամ։ Հետևաբար, հանքարդյունաբերության աճից նույնիսկ չեն օգտվել այս ոլորտի աշխատողները։Սակայն պետք է նկատել, որ մեր երկրի հանքարդյունաբերության աճը հաջորդ սերունդների հաշվին է, այսինքն հիմա գերշահագործվում է մեր երկրի ընդերքը, առանց մեծ օգուտներ տալու բնակչությանը։
Միանշանակ, ողջունելի է շինարարության ոլորտում աշխատողների աշխատավարձերի 8,7 տոկոսով աճը, ինչը հիմնականում պայմանավորված է պետական ֆինանսավորմամբ ասֆալտապատման աշխատանքներով։