Reuters-ը հայտնել է Բրյուսել կատարելիք այցի ընթացքում` որ երկրների վերաբերյալ է քննարկումներ ունենալու Բլինկենը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը մտադիր է Բրյուսել կատարելիք այցի ընթացքում քննարկել Ռուսաստանի, Ուկրաինայի, ինչպես նաև Իրանի ու Աֆղանստանի վերաբերյալ հարցեր:
Այս մասին գրում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկացի անանուն պաշտոնյայի խոսքերը:
Գործակալությունը լրացուցիչ մանրամասներ չի հայտնել ուղևորության մասին, սակայն հիշեցրել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը կգտնվի Բրյուսելում՝ Բլինկենի հետ միաժամանակ, որը, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, բանակցություններ կվարի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:
Պետդեպարտամենտի խոսնակը, մեկնաբանելով առաջիկա այցի մասին շրջանառվող լուրերը, ընդգծել է, որ ինքը «ներկայում որևէ ուղևորության մասին այնպիսի տեղեկատվության չի տիրապետում, որը կարող է հանրայնացնել»:
Հիշեցնենք՝ Bloomberg-ը, վկայակոչելով սեփական աղբյուրները, ուրբաթ հաղորդել էր Բլինկենի մտադրության մասին: Ըստ լրատվամիջցի ամերիկացի պաշտոնյան Ռուսաստանի Դաշնության կողմից ռազմական ակտիվության աճի մեղադրանքների ֆոնին՝ հաջորդ շաբաթ Բրյուսելում կրկին հանդիպում կունենա ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ի գործընկերների հետ:
Նշենք՝ մարտի 22-ից 25-ը Բլինկենն այցելել էր Բրյուսել, որտեղ, մասնակցել էր ՆԱՏՕ-ի անդամ-երկրների արտգործնախարարների հանդիպմանը: