«Ամուսնու մահը թագուհու կյանքում ահռելի դատարկություն է թողել». Մեծ Բրիտանիայի արքայազն Էնդրյուն մանրամասնել է՝ ինչպես է Էլիզաբեթ Երկրորդը տանում արքայազն Ֆիլիպի մահը
Մեծ Բրիտանիայի 61-ամյա արքայազն Էնդրյուն խոստովանել է, որ իր մայրը՝ Էլիզաբեթ Երկրորդը, շատ ծանր է տանում ամուսնու մահը, հայտնում է BBC News-ը:
Ըստ արքայազնի՝ Նորին Մեծությունը շատ ուժեղ անձնավորություն է, բայց նա ավելի շատ է տառապում Էդինբուրգի դուքսի կորստից, քան թագավորական ընտանիքի անդամներից որևէ մեկի:
«Նա (Էլիզաբեթ Երկրորդը,-Tert.am) նկարագրել է, որ ամուսնու մահն իր կյանքում ահռելի դատարկություն է թողել: Մենք՝ իր ընտանիքը, նրա սիրելիները, հավաքվել ենք նրան սփոփելու համար»,- ասել է Յորքի դուքսը:
Էնդրյուի կրտսեր եղբայրը՝ արքայազն Էդվարդը, ավելացրել է, որ իր հոր մահը հսկայական ցնցում էր՝ չնայած պատկառելի տարիքին և առողջական խնդիրներին:
Հիշեցնենք, որ արքայազն 99-ամյա Ֆիլիպը կյանքից հեռացել է ապրիլի 9-ին: Էդինբուրգի դուքսը իր վերջին օրերն անցկացրել էր Ուինձորի ամրոցում:
Մեծ Բրիտանիայում այս կապակցությամբ ազգային սուգ է հայտարարվել: Այն կշարունակվի մինչ Էդինբուրգի դուքսի հուղարկավորությունը:
Արքայազնի արքայական թագավորական հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 17-ին Ուինձորի ամրոցի Սուրբ Ջորջ մատուռում: Միջոցառումը կհեռարձակվի հեռուստատեսությամբ: