Թբիլիսիի քաղաքապետը, առողջական խնդիրներով պայմանավորված, մեկնել է արտասահման
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն մեկնել է արտասահման, որպեսզի ստուգի առողջական վիճակը: Այս մասին հայտնում է Новости-Грузия-ն` վկայակոչելով մայրաքաղաքի քաղաքապետարանի մամուլի ծառայությանը:
Ենթադրվում է, որ Կալաձեն Վրաստան կվերադառնա հաջորդ շաբաթվա վերջին: Միևնույն ժամանակ չի հաղորդվում, թե որ երկրում է գտնվում քաղաքական գործիչը:
43-ամյա գործիչն ապրիլի 4-ին դուրս էր գրվել Թբիլիսիի հիվանդանոցից, որտեղ բուժզննում էր անցնում: Ինչպես հաղորդում են տեղի լրատվամիջոցները նրա մոտ վեստիբուլոպաթիա (վեստիբուլյար ապարատի գործառույթի խախտում) է ախտորոշվել:
Որոշ լրատվամիջոցներ ենթադրություն են հայտնել, որ Կալաձեի հիվանդության պատմության հետ կապված ամեն ինչ հստակ չէ: Ըստ որոշ կարծիքների` «Միլան»-ի նախկին ֆուտբոլիստը մտադիր է հեռանալ «Վրացական երազանք» իշխող կուսակցությունից և քաղաքականությունից և տեղափոխվել Միլան, որտեղ ապրել է մարզական կարիերայի տարիներին: Կալաձեն այդ ենթադրությունները որևէ կերպ չի մեկնաբանել: