Նիկոլ Փաշինյանը հանցագործ է, քանի որ տարածքների հետ մեկտեղ հանձնել է մեր երեխաներին. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ)
90-ականների Արցախյան պատերազմի ժամանակ մենք ունեցանք հաղթանակ, ունեցանք նաև գերիներ, զոհեր, բայց նախորդ պատերազմը և այս 44 օրյա պատերազմը պարզապես չի կարելի համեմատել: Այս մասին ասուլիսի ընթացքում ասաց Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
«Գերիների խնդիրը այս անգամ բոլորովին տարբերվում է այն սյուժեներից, որոնք մենք ունեցել ենք 90-ականներին: Այն ժամանակվա գերիները, անհայտ կորածները, իրապես այդ դրվագները տեղի են ունեցել կատաղի պայքարի և մարտերի ժամանակ, բայց ավարտվել են հաղթանակով, համեմատությունները վիրավորական են»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:
Նա նաև նշեց՝ զինվորները գերի են ընկել երկու դրվագով, նոյեմբերի 9-ին և դեկտեմբերին:
«Մեր զինվորները երկու դրվագով են գերի ընկել՝ նոյեմբերի 9-ին ստորագրվող պայմանագրի ժամանակ հանձնել է տարածքները՝ դեռ ողջ և մարտերի մասնակցող զինվորների հետ, 2-րդը՝ դեկտեմբերին, երբ գլխավոր հրամանատարի հրամանով մարդիկ հայտնվում են Հադրութի 2 գյուղերում, և այդ տարածքները հանձնվեցին զինվորների հետ միասին»,- մեկնաբանեց Ալավերդյանը:
Նա նաև նշեց՝ այն գերիներին, որոնց ադրբեջանական կողմը դիվերսանտներ է համարում, անհրաժեշտ են դատապաշտպաններ: «Ասում են՝ մի խումբը գերիներ չեն, այլ դիվերսանտներ, եթե նրանց պիտի դատեն, ապա նշանակում է Հայաստանից թե՛ պետությունը, թե՛ իրավաբանները պետք է դիմեն համապատասխան մարմիններին, որպեսզի այդ անձանց տրամադրվեն դատապաշտպաններ»,-նշեց նա:
Լարիսա Ալավերդյանը մեկնաբանեց այն քաղաքացիների դիրքորոշումը, որոնք ՀՀ վարչապետի կողքին են և նշում են՝ պետք չէ գերիների հարցը քաղաքականացնել: Ալավերդյանի հավաստմամբ՝ տվյալ դիրքորոշմամբ նրանք ասում են՝ դեմ չենք, որ մեր երեխեքին հանձնել է Փաշինյանը: «Քաղաքացիները ասում են՝ մենք ապաքաղաքական ենք և դեմ չենք Նիկոլ Փաշինյանին, այսինքն նրանք դեմ չե՞ն, որ իրենց երեխեքին հանցագործաբար հանձնել են, եթե նրանք հոժար կամքով համաձայնվում են, որ դա լավ է, ապա չեմ կարծում, որ նրանք հանգիստ քուն կունենան երբևիցե: Լինելով ցավի մեջ՝ դուք մասնակից եք դառնում նրա հանցագործություններին»,- ասաց Լարիսա Ալավերդյանը: