ՊԵԿ-ը նախատեսում է ընդլայնել օրինապահ հարկ վճարողներին խրախուսելու մեխանիզմները
Պետական եկամուտների կոմիտեն օրինապահ հարկ վճարողներին խրախուսելու նոր մեխանիզմներ է մշակել:
ՊԵԿ-ից հայտնում են, որ օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններ ստեղծելու, հարկային կամավոր կարգապահությունը խրախուսելու, ինչպես նաեւ հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերություններն առավել ամրապնդելու նպատակով առաջարկվող նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է Ազգային ժողովի կողմից:
Մինչ խրախուսման նոր համակարգի ներդրումը կոմիտեն շարունակում է գործող կարգի համաձայն «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագրեր շնորհել հարկ վճարողներին: 2021թ. առաջին եռամսյակում հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 88 տնտեսվարող, 66 դիմում բավարարվել է:
Ամփոփելով 2020թ.` կոմիտեն հայտնում է, որ նախորդ տարվա ընթացքում օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում են ներկայացրել 257 հարկ վճարող, որոնցից 140-ի դիմումները բավարարվել են։
Հիշեցնենք, որ օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը տրամադրվում է հարկման ընդհանուր համակարգում գործող հարկ վճարողներին, որոնք հաշվետու ժամանակահատվածի կեսից ավելի ժամանակահատվածի համար հայտարարագրել են 0-ից մեծ իրացման շրջանառության գումար։
«Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակի որոշման եւ օրինապահ հարկ վճարողներին հավաստագրերի տրամադրման կարգը, ինչպես նաեւ 2017թ.-ից ի վեր օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքում (www.petekamutner.am)` հարկային ծառայության «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Տեղեկատվություն hարկ վճարողների վերաբերյալ» ենթաբաժնի «Օրինապահ հարկ վճարողներ» հատվածում: