«Ընտրություններում Քոչարյանի հաղթանակի դեպքում ղարաբաղյան կարգավորման հարցում լիովին այլ իրավիճակ կլինի». Ստանիսլավ Պրիտչին
Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը բնակչության շրջանում սկսել է աջակցություն վայելել: Սպասվող ընտրություններում նրա հաղթանակի դեպքում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում իրավիճակը կփոխվի, բայց ամեն դեպքում դրանում դրական դեր կխաղան ռուս միջնորդներն ու խաղաղապահները:
Նման տեսակետ է հայտնել «Եվրասիական զարգացում» փորձագիտական կենտրոնի գործադիր տնօրեն Ստանիսլավ Պրիտչինը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Եթե մի քանի ամիս առաջ Փաշինյանը միանշանակ հաղթում էր, ապա այժմ ակնհայտ է դառնում, որ աջակցություն ունի նաև նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հասկանալի է, որ ամեն ինչ կպարզվի քվեարկության արդյունքում, սակայն նա ունի հնարավորություններ: Եվ այդ ժամանակ կլինի լիովին այլ իրավիճակ նաև ղարաբաղյան կարգավորման հարցում: Սակայն ամեն դեպքում ռուսական միջնորդությունն ու ռուսական խաղաղապահ կոնտինգենտը դրական դեր կխաղան, քանի որ կա դրությունը պահպանելու հարցում հետաքրքրվածություն»,- շեշտել է Պրիտչինը: