COVID-19-ով պացիենտների համար Հայաստանում 2600 մահճակալ է ծավալված. նախարար
Այս պահի դրությամբ, COVID-19-ով պացիենտների համար Հայաստանում 2600 մահճակալ է ծավալված: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ երեկ գրանցվել է 510 դրական թեստ: Վերջին 1-2 շաբաթների ընթացքում երկրում կայուն-լարված համաճարակային իրավիճակ է, եւ հիվանդացության նվազում դեռ չունենք: Ավելին, դրական դեպքերի մեջ հոսպիտալացման կարիք ունեցողների թիվը բավական մեծ է:
Ինչպես նշեց նախարարը, COVID-19-ով պացիենտների համար նոր մահճակալներ են ծավալվում, սակայն պետք է հիշել, որ այս ռեսուրսը անսահման չէ:
«Մի փոքր հնարավորություն դեռ ունենք ավելացնելու, բայց պիտի ամեն ինչ անենք, որ դրսում մնացած պացիենտներ չունենանք», - ասաց նախարարը:
Նա ավելացրեց, որ չի կարելի մոռանալ, որ COVID-19-ը լուրջ հիվանդություն է, որը թողնում է դեռ լավ չուսումնասիրված հետեւանքներ: Հիվանդացությունն ու բարդությունները նվազեցնելու համար պետք է գրագետ պատվաստման գործընթաց իրականացնելու: Կորոնավիրուսի դեմ պատվաստումները, նախարարի խոսքով, նախատեսվում է սկսել ապրիլի 13-ից՝ AstraZeneca պատվաստանյութով, իսկ Sputnik V-ով՝ 2-3 օր ուշացմամբ:
Նախարարը նշեց նաեւ, որ մոտ ապագայում նախատեսվում է նաեւ այլ պատվաստանյութեր ձեռք բերել:
«Մի շարք տարբերակներ ենք ունենալու, որոնք կօգտագործվեն մեր երկրում», - ասաց նախարարը:
Հայաստանում ովքե՞ր են պատվաստվելու AstraZeneca և Sputnik V պատվաստանյութերով