«Խաղաղության կարելի է հասնել միայն բանակցային եղանակով. Ուկրաինան մտադիր չէ գրոհել իր վերահսկողության տակ չգտնվող տարածքները». Զելենսկիի խոսնակ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի գրասենյակից մեկնաբանել են Դոնբասում տիրող իրավիճակը: Ինչպես փոխանցում է Военное обозрение պարբերականը, Զելենսկիի խոսնակ Յուլիա Մենդելը հայտարարել է, որ Ուկրաինան մտադիր չէ գրոհել իր վերահսկողության տակ չգտնվող տարածքները:
Զելենսկիի թիմը համոզված է, որ խաղաղության կարելի է հասնել միայն բանակցային եղանակով: Միևնույն ժամանակ Մենդելը նշել է, որ Կիևն «արձագանքում է ռուսական զորքերի կուտակումներին Ուկրաինայի հետ սահմանին»: Նրա խոսքով` «նախագահի վարչակազմում տեսնում են, որ արևելյան սահմանների երկայնքով մոտ 40 000 ռուս զինծառայող է կուտակվել»:
Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ Կիևից հայտնում էին Դոնբասում 1000 ռուս զինվորի գտնվելու մասին: Այժմ նման հայտարարություններ չեն արվում:
Մենդելի խոսքով` Կիևում սթափ են գնահատում իրավիճակը, սակայն նշում են, որ չպետք է խուճապի մատնվել: Նշվում է, որ Զելենսկին կողմ է խնդիրը «Նորմանդական ձևաչափով» քննարկելուն` Դոնբասում խաղաղութան հասնելու համար: